Գլխավոր Լրահոս

ՀԷՑ-ի պետականացմանը միտված նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

ՀԷՑ-ի պետականացմանը միտված նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

Ազգային ժողովը հուլիսի 3-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որն հանրության շրջանում հայտնի է որպես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) պետականացմանը միտված նախագիծ։ Փաթեթին կրկին դեմ քվեարկեց ընդդիմությունը։

Ինչ է նախատեսում այս նախագիծը

Առաջնայիններից թերևս առաջարկվող նոր՝ «Էներգետիկայի մասին» օրենքում սպառողների շահերի պաշտպանության նպատակով կանխարգելիչ միջոցների կիրառման հոդվածն է։ Սա նոր երևույթ է, որը չի եղել օրենքում։

Նշվում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը կարող է կայացնել վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին որոշում: Կանխարգելիչ միջոցառումների կիրառման դեպքում, ի թիվս այլնի, հաշվի է առնվում նաև լիցենզավորված անձի կողմից նախկինում կատարված խախտումների քանակը, հաճախականությունը կամ բնույթը:

Տվյալ դեպքում պետք է հիշատակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած այն հայտարարությունները, որ ՀԷՑ-ի մասով հանձնարարել է ուսումնասիրություններ իրականացնել՝ կապված ընկերության ծառայություններից դժգոհությունների հետ։ Նա այդ մասին խոսել էր հունիսի 18-ին՝ լրագրողների հետ զրույցում․ «Մեկ ամիս առաջ եմ հանձնարարություն տվել Կառավարության համապատասխան մարմիններին, որ կա՛մ ՀԷՑ-ը պետք է ժողովրդին հասցրած վնասը վերականգնի, կա՛մ ազգայնացվի»,- ասել էր վարչապետը։

Նախագծում ամրագրված է, որ սույն օրենքով սահմանված կարգավորումները տարածվում են նաև մինչև դրա ուժի մեջ մտնելը թույլ տրված խախտումների նկատմամբ: Այսինքն՝ Փաշինյանի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունը կարող է հիմք լինել վարույթի և կանխարգելիչ միջոցառումների։

Իսկ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում նախատեսվում է մեկ այլ փոփոխություն։ Այն է՝ կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հարուցվում է վարչական վարույթ:

Հենց այս վարչական վարույթի դեպքում էլ կարող է կիրառվել «Էներգետիկայի մասին» օրենքի նոր հոդվածը՝ կանխարգելիչ միջոցների մասին։

Հանձնաժողովն իրավասու է կիրառել մի քանի կանխարգելիչ միջոցառումներ․

1) սահմանել առերևույթ խախտումների վերացման կամ դրանց հետևանքների վերացման ծրագիր և պահանջել, որ ընկերությունն իրականացնի այն,

2) հրավիրել ընկերության բարձրագույն մարմնի ժողով՝ իր իսկ օրակարգով,

3) պահանջել սահմանված ժամկետում կատարել լիցենզավորված անձի կանոնադրության փոփոխություն և այն գրանցել,

4) պահանջել, որ իր սահմանած ժամկետում ընկերությունը կատարի կառավարման մարմինների անդամի կամ անդամների փոփոխություն,

5) նշանակել լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ:

Այս կետերի միջոցով կառավարությունը կկարողանա մի դեպքում փոխել ՀԷՑ-ի կառավարիչներին, մյուս դեպքում ՓԲԸ-ն տանել ազգայնացման։

ՔՊ-ի այս նախագծով սահմանվում է նաև, որ լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով հանձնաժողովը, մինչև գործունեության նոր լիցենզիա տալը, իրավունք ունի լիցենզավորված գործունեության իրականացումը պատվիրակել ժամանակավոր կառավարչի։

Այնուհետև մանրամասնվում է, թե ով կարող է նշանակվել ժամանակավոր կառավարիչ։ Ըստ ՔՊ-ի նախագծի՝ ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն և էներգետիկայի բնագավառում կամ կառավարման առնվազն հինգ տարվա փորձ ունեցող կամ գործունեություն իրականացնող անձը:

Բաժնետոմսերի վաճառք

Նախագծով «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածում, որը կարգավորում է լիցենզիա ունեցող անձի գործարքային իրավունքների սահմանափակման հարցերը, ավելացվում է երկու դրույթ։

Դրանցից առաջինով սահմանվում է, որ լիցենզիա ունեցող ընկերության 25 և ավելի տոկոս բաժնեմասի ու գույքի օտարման՝ այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում կառավարությունը նախապատվության իրավունք ունի։

Այլ կերպ ասած՝ եթե, օրինակ, ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը պետք է վաճառվի, նախապատվությունը տրվելու է կառավարությանը։

Գործող օրենքում, մինչդեռ, նման պայման չի նախատեսում։ Այնտեղ միայն նշվում է, որ այդ դեպքերում ընկերությունը պետք է ստանա հանձնաժողովի համաձայնությունը։

ՔՊ-ն օրենքում ցանկանում են ամրագրել, որ նախապատվության իրավունքը իրացնելու կարգը ևս պետք է հաստատի կառավարությունն առանձին որոշմամբ։

Ըստ նախագծի՝ գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման արժեքը չի կարող գերազանցել դրանց շուկայական արժեքը։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում