Գլխավոր Լրահոս

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

Ազգային ժողովը հուլիսի 8-ին համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ, որին մեղադրանք կառաջադրվի «Սրբազան պայքար» շարժման շրջանակում։ Կողմ քվեարկեցին միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 62 պատգամավորները։

Ավելի վաղ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր միջնորդագրեր ներկայացրել և Ազգային ժողովից խնդրել համաձայնություն Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համար։

Ներկայում ԱԺ-ն քննարկում է Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը։

Աննա Վարդապետյանը մանրամասնել էր, որ Սարգսյանը, Բագրատ Գալստանյանի համակիր Վազգեն Գալստանյանը և այլ անձինք 2024-ի հուլիսից մինչև 2025-ի մարտ «Սրբազան պայքար» շարժման շրջանակում նախապատրաստել են իշխանության յուրացում և ահաբեկչություն։

Արթուր Սարգսյանն իր հերթին հուլիսի 8-ին հայտարարեց, որ մեղադրանքն ապօրինի է․ «Պաշտոնապես հայտարարում եմ՝ նման բան չկա, չի եղել և չի կարող որևէ ապացույց լինել։ Մենք ձեզ հեռացնելու ենք օրենքի ուժով և չարգելված բոլոր մեթոդներով»,- ասաց նա։

Կանխատեսելով իրեն կալանավորելու հնարավորությունը՝ Սարգսյանն իր ելույթը եզրափակեց՝ նշելով, որ մինչև քննչական մարմին ներկայանալը ժամանակ կանցկացնի ընտանիքի հետ։ Նա լքեց ԱԺ ամբիոնը, և ըստ հրապարակված տեսանյութերի՝ նրան որևէ բան ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, ինչից հետո խորհրդարանում սկսվեց վեճ և ծեծկռտուք։

***

Ըստ դատախազի միջնորդագրերի՝ Արթուր Սարգսյանի մեղադրանքը հիմնված է հիմնականում գաղտնի ձայնագրությունների վրա, որոնցում քննարկվել են հետևյալ քայլերը՝ ստեղծել մինչև 2000 հոգանոց հարվածային խմբեր, կաթվածահար անել Երևանի ճանապարհները, անջատել հոսանքն ու համացանցը, խափանել տրանսպորտի աշխատանքը։ Բացի այդ, ըստ դատախազության, պետք է օգտագործվեին ծուխ արձակող միջոցներ, վառվեին մեքենաներ և ջարդվեին խանութներ։ Նախատեսվում էր նաև արհեստական բանականության միջոցով ստեղծել և տարածել բարձրաստիճան ոստիկանների կեղծ խոսակցություններ։ Նպատակը, ըստ մեղադրանքի, եղել է ուժային կառույցներին շեղելը՝ Ազգային ժողովի և կառավարության շենքեր ներխուժելու համար։ Վարդապետյանը ԱԺ-ում ասել է, որ իրականացվել է 86 խուզարկություն, որոնց ընթացքում, ըստ դատախազության, առգրավվել են Երևանի քարտեզ, մարդկանց ցուցակներ, ծուխ առաջացնող միջոցներ և իշխանափոխության պլան-սխեմաներ։ Հուլիսի 7-ին էլ ԱԺ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում իրականացնել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ, սակայն բոլորովին այլ գործերի շրջանակում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում