Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը: «Ազատությանը» տված հարցազրույցում այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
«Եթե դա լիովին համապատասխանի մեր կողմից հայտարարված սկզբունքներին, դա կարող է իրականացվել», - նշել է Սաֆարյանը՝ անդրադառնալով այն հնարավորությանը, որ Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը փոխանցվի երրորդ կողմի, օրինակ՝ միջազգային ընկերության։
Նրա խոսքով՝ նման մոտեցումը կարող է դիտարկվել միայն փոխադարձության սկզբունքով և Հայաստանի «իրավազորության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո»։ «Վերահսկողությունը սխալ բառ է, որովհետև դա կիրառելի չէ այդ դեպքում», - ընդգծել է փոխարտգործնախարարը։
Սաֆարյանը նաև հաստատել է, որ ապաշրջափակման վերաբերյալ տարբեր առաջարկներ՝ ներառյալ ամերիկյան կողմից, արդեն ներկայացվել են։ «Եթե դա համապատասխանի Հայաստանի շահերին ապաշրջափակման շրջանակում, կարող են դիտարկվել», -ասել է փոխնախարարը՝ չհստակեցնելով առաջարկների ստացման ժամկետներն ու աղբյուրները։
Մեկնաբանելով Աբու Դաբիում ընթացող հայ-ադրբեջանական բարձր մակարդակով բանակցությունները՝ Սաֆարյանն ընդգծել է, որ դրանց օրակարգը դեռևս հստակեցված չէ, բայց Երևանը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ «Մենք քաղաքական կամքը հայտարարել ենք՝ հասնելու համաձայնագրի ստորագրմանը», - նշել է նա։
Civilnet











