2020-ի պատերազմ, «Դ-20» դիվիզիոնի պատմությունը. Մաս 2

Հայկ Ղազարյան
Հոդվածը ներկայացնում է 44-օրյա պատերազմի ժամանակ Ջուվարլու գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքը՝ հիմնվելով դատավարական նյութերի վրա։
Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այս հղումով՝ «2020-ի պատերազմ, «Դ-20» դիվիզիոնի պատմությունը. Մաս 1»։
Ըստ դատարանի փաստական վերլուծության՝ բանակի հրամանատարի ճակատագրական սխալի հետևանքով Դ-20 հրետանային դիվիզիոնի դիրքերը ենթարկվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի հարձակմանը, ինչի արդյունքում զոհվել է 20 զինծառայող, իսկ մեկ զինծառայող մինչ օրս համարվում է անհետ կորած։ 2020-ի հոկտեմբերի 12-ին, երբ հակառակորդը մոտենում էր հայկական դիրքերին, պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատար Ջալալ Հարությունյանը «Ցոր» զորամասի «Դ-20» դիվիզիոնի ղեկավարության հարցմանը ի պատասխան հայտնել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Այդ սխալ գնահատականը, ըստ դատարանի, դարձել է ողբերգական հետևանքի պատճառ։
2025-ի հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Արցախի պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի՝ 5,5 տարվա ազատազրկման վճիռը։ Նա մեղավոր է ճանաչվեց ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի համար, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։
Հոկտեմբերի 12, Ջուվարլու՝ ողբերգության օրը
Ըստ Սյունիքի մարզի առաջին ատյանի մեղադրանքի՝ հակառակորդը հոկտեմբերի 12-ի կեսօրից մոտ երեք ժամ տևողությամբ հրետակոծել է դիվիզիոնի կրակային դիրքերը:
Տուժող Արմեն Ասրյանի վկայությամբ՝ հոկտեմբերի 12-ին՝ կեսօրին, միայն մեկ անգամ է հաջողվել կապ հաստատել դիվիզիոնի հետ:
Ցերեկվա Ժամը 1-2-ին 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ-հրետանու շտաբի պետ Աշոտ Սողոմոնյանը, որը այդ ժամանակ գտնվել է Ջուվարլու գյուղից 5 կմ հարավ՝ Մելիքաշենում, նկատել է հակառակորդի 12-14 հոգանոց խմբի շարժ: Նրանց համազգեստից, մորուքներից և կարմիր ժապավեններից եզրակացրել է, որ հակառակորդ են. «Այդ ամենից հետո 2-3 անգամ, մոտ 30-40 րոպե տարբերությամբ, զանգել եմ Նորայր Հայրապետյանին և տեղեկացրել, որ իրենց ուղղությամբ հակառակորդ է շարժվում»: Ըստ Սողոմոնյանի՝ Հայրապետյանը պատասխանել է՝ եղավ:
Ժամը 15:00-ին ՊԲ հրետանու շտաբի կապի պետ Կարեն Բալյանի վկայությամբ՝ դիվիզիոնի վերևում անօդաչու է հայտնվել: Դրա պատճառով ստորաբաժանման հրամանատարները «թաքստոց» հրաման են տվել և հայտնել, որ չեն կարողանում կրակային խնդիր կատարել։
Այդ ընթացքում «Ցոր»-ի հրետանու պետ Նորայր Հայրապետյանն ու դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը դիտակետից նկատել են, որ դիմացի սարից խոշոր խումբ է իջնում։
Դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը, կասկածելով, որ խմբավորումը պատկանում է Ադրբեջանի զինված ուժերին, անվտանգության նկատառումով որոշել է թողնել կրակային դիրքը: Այդ մասին նա զեկուցել է հրետանու պետ Նորայր Հայրապետյանին և, ստանալով թույլտվություն, հրամայել է Դ-20 դիվիզիոնի անձնակազմին թողնել դիրքը: Անձնակազմը սկսել է հրամանի կատարումը՝ մոտեցնելով մեքենաները և հավաքելով ռազմամթերքը: Ըստ պահեստազորային Արթուր Բեգլարյանի՝ հրանոթները չպետք է իրենց հետ տանեին, այլ հետո պիտի վերադառնային դրանց հետևից:
Միաժամանակ «Ցորի» հրետանու պետ Նորայր Հայրապետյանը խորացված հրամանատարական կետից (բունկեր) փորձել է ճշտել՝ իրենց ուղղությամբ շարժվող խումբը յուրայիններ են, թե ոչ։ Բանակի հրետանու պետ Բաղդասարյանի վկայությամբ՝ այդ հարցը փոխանցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, որն արձագանքել է՝ «յուրային են»: Բանակի հրետանու պետ Բաղդասարյանը այդ տեղեկությունն անմիջապես փոխանցել է Հայրապետյանին:
Բանակի հրետանու շտաբից ստանալով, որ առաջ շարժվող խումբը յուրային է՝ Նորայր Հայրապետյանը չեղարկել է «կրակային դիրքը թողնելու» հրամանը։ Դիվիզիոնի անձնակազմը վերադարձել է կրակային դիրքեր և շարունակել նշանակետեր ստանալ բունկերից՝ կատարելով մարտական խնդիր։ Վարորդները մեքենաները վերադարձրել են իրենց նախկին տեղերը։
Սակայն դիվիզիոնի հրամանատար Թովմասյանը, դեռ կասկած ունենալով, խնդրել է Հայրապետյանին իր ներկայությամբ կրկին ճշտել խմբավորման պատկանելությունը։ Վերջինս նորից կապ է հաստատում ՊԲ հրետանու շտաբի հետ։ Այս անգամ, ըստ դատարանի փաստական վերլուծության, ՊԲ հրամանատարը քարտեզի մոտ խորհրդակցել է սպաների հետ և կրկին հայտարարել, որ «յուրային են»։ Այդ պատասխանը փոխանցվել է Նորայր Հայրապետյանին։
Վերադառնալով դիտակետ՝ Հայկ Թովմասյանը շարունակել է մոտեցող խմբավորման դիտարկումը: Նա նկատել է տարօրինակ վարքագիծ՝ (կրակել են խոզի վրա) և հասկացել, որ խումբը յուրային չէ: Դրանից հետո նա ռադիոկապով հրամայել է ենթակա անձնակազմին լքել կրակային դիրքը: Նորայր Հայրապետյանին ասել է. «Պախանիս (հորս) արև, հաստատ թուրքեր են, Հայրապետյան, գնացի՛նք»:

Մոտ 7-8 րոպե անց սկսվել են կրակոցները: Դրանից մոտ 10-15 րոպե հետո առաջին մարտկոցի ավագ սպա (СОБ - старший офицер батареи) Արիկ Գոքորյանը գոռացել է, թե «այդտեղ ողջ մարդ կա՞»: Կրակոցները եղել են ինտենսիվ և երկկողմանի: Դիվիզիոնի հրամանատարը կապվել է և ասել, որ «արագ, ով ինչպես կարողանում է, դուրս գա»։
Շուտով խումբը սկսել է կրակել դիվիզիոնի ուղղությամբ: Պաշտպանության բանակի հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը սրա մասին զեկուցել է Ջալալ Հարությունյանին, որը հրահանգել է կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և հակառակորդին խոցել ուղիղ նշանառությամբ հրանոթային կրակով: Նույն հրամանը փոխանցվել է Նորայր Հայրապետյանին:
Արդյունքում 1-ին մարտկոցի 20 զինծառայող զոհվել է, նրանցից 15-ը՝ ժամկետային, 5-ը՝ պահեստազորային։ Վիրավորվել են նաև 1-ին և 2-րդ մարտկոցների զինծառայողներ, իսկ «Ցորի» հրետանու պետ Նորայր Հայրապետյանը մինչ օրս համարվում է անհետ կորած։ Զոհվածների մարմինները երկար ժամանակ որոնել են, վերջին 11 զինծառայողի հուղարկավորությունը տեղի է ունեցել միայն 2021-ի դեկտեմբերի 2-ին։
Բացի մարդկային կորուստներից՝ հակառակորդի վերահսկողության տակ են անցել 8 միավոր Դ-20 հրանոթ, 5 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա, պահեստավորված զենք-զինամթերք և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։
Դ-20 Դիվիզիոնի գործողությունների ժամանակագրությունը՝ Ջուվարլու, 2020-ի հոկտեմբերի 12
Ըստ առաջին ատյանի դատարանի փաստական վերլուծության՝ դատաքննության ընթացքում հարցաքննված բոլոր մասնակիցները, ովքեր առնչվել են այս հանգամանքին, հայտնել են, որ «101-ը ասում է մերոնք են» (Ջալալ Հարությունյանի ազդականչը «101» էր), «հաստատ մերոնք են» կամ «100 տոկոս մերոնք են»։ Այսինքն՝ հրամանատարական կետից (բունկերից) փոխանցվող տեղեկատվությունը եղել է աներկբա։ Դատարանի գնահատմամբ՝ նման վստահ հայտարարությունը տարակուսելի է, երբ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանն ու հետախուզության պետ Գարիկ Ղորխմազյանը հստակ տեղեկատվություն չեն ունեցել և այն ճշտել են առաջնագծից։
Անհետ կորած հրամանատարը, վրաերթից զոհված զինվորը և չկանգնած մեքենան
Դիտակետի անձնակազմի տեղաշարժի ընթացքում «Ցորի» հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանին չի հաջողվել դուրս գալ տարածքից, և նրա գտնվելու վայրը մինչ օրս մնում է անհայտ։
18-րդ դիվիզիայի հրետանու շտաբի պետ Աշոտ Սողոմոնյանը վկայում է, որ Նորայր Հայրապետյանը կապ է հաստատել դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին։
«Ձայնից ակնհայտ էր, որ նա ադեկվատ վիճակում չէր և չէր էլ հասկանում՝ ինչ է ասում։ Ես հորդորեցի միայն առաջ շարժվել՝ դեպի դիմացի բլուր, քանի որ աջ ու ձախ արդեն հակառակորդն էր։ Այդ խոսակցությունից հետո կապը վերջնականապես կորավ, և այլևս հնարավոր չեղավ նրա հետ կապ հաստատել»,- դատարանում պատմել է Սողոմոնյանը ։
Դիվիզիոնի առաջին մարտկոցի ավագ սպա Արիկ Գոքորյանի ցուցմունքում նշվում է, որ զինծառայող Տիգրան Մելիքյանը (ենթադրաբար խոսքը Հայկ Մելիքյանի մասին է - խմբ.) հրաձգության ժամանակ չի կրակել։ Երբ Գոքորյանը հարցրել է պատճառը, Մելիքյանը պատասխանել է, որ մի պահ մեքենան անցել է իր վրայով, և այդ դեպքից հետո վերջինս մնացել է քարացած։
Դիվիզիոնի ղեկավարման դասակի հաշվարկող Արգիշտի Բիչախչյանը դատարանում պատմել է, որ «ով ինչպես կարող է՝ թող դուրս գա» հրամանից հետո իրենք վազել են մեքենայի հետևից, որով դուրս է եկել դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը և մի քանի զինվոր։ Եվ ինքը, վազելով մեքենայի հետևից, չի հասցրել նստել։ Չնայած կանչել է, մեքենան այդպես էլ չի կանգնել։
Արգիշտին պատմել է, որ այդ պահից հետո գնացել է և նստել շինության պատի տակ՝ գիշերն անցկացնելով այնտեղ։
«Մի քանի ժամ անց՝ մոտ 10–15 հոգանոց խումբ մոտեցավ, բայց ինձ չնկատեցին։ Գիշերը մնացի նույն տեղում։ Առավոտյան՝ ժամը 06:00-ի կողմերը, սկսեցի քայլել ճանապարհով։ Որոշ ժամանակ անց լսեցի ձայներ և մարդկանց շարժ։ Թաքնվեցի, բայց երբ մոտեցան, հասկացա, որ հայեր են։ Դուրս եկա ու տեսա (1-ին մարտկոցի ավագ սպա) Արիկ Գոքորյանին ու մի քանի զինվորների։ Մոտեցա, ու մենք միասին դուրս եկանք։ Քանի որ Արիկ Գոքորյանը վիրավոր էր, ճանապարհի մի հատվածում ես օգնեցի նրան։ Այնուհետև նա զանգեց դիվիզիոնի հրամանատարին, մեր հետևից մեքենա եկավ, և մենք միասին դուրս եկանք Կարմիր Շուկայի ուղղությամբ»,– պատմել է Բիչախչյանը։
Դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանի պաշտպան Գոռ Գևորգյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ դիվիզիոնի հրամանատարի՝ «ով ինչպես կարող է՝ թող դուրս գա» հրամանը լսելուց հետո Գևորգ Գևորգյանը հրահանգել է իր շուրջը հավաքված, իր ենթակայության տակ գտնվող զինվորներին շտապ նստել մեքենան՝ իրականում այդ կերպ փրկելով նրանց կյանքերը։
«Դ-20» դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը մեղադրվում է անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու մեջ։ Դիվիզիոնի դեպքով հարուցված այս գործը շարունակում է քննվել առաջին ատյանում, իսկ Գևորգյանը կալանքի տակ է արդեն մոտ չորս տարի։
Այստեղ 20 զինծառայողներից 19–ի լուսանկարներն են ներկայացված։ Մեկ զինծառայողի լուսանկարը բացակայում է՝ ծնողի ԴՆԹ անալիզի արդյունքները չընդունելու պատճառով
Պաշտպանության բանակի հետախուզության պետի ցումցունքը
Արցախի ՊԲ հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղորխմազյանի ցուցմունքի համաձայն՝ բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը իրենից ճշտել է՝ շարժվող խմբավորումը յուրային է, թե ոչ։ Ղորխմազյանը նշել է, որ տվյալ պահին ինքը նման տեղեկատվություն չի ունեցել և չի կարողացել պատասխանել․ «Հավաստի հետախուզական տվյալ համարում ենք այն, ինչ ստացվում է առնվազն երեք աղբյուրից։ Իսկ տվյալ իրավիճակում կապի միջոցները խափանված էին, և նման ճշգրտում հնարավոր չէր իրականացնել օպերատիվ կերպով։ Այդ պատճառով զեկուցել եմ հրամանատարին, որ չգիտեմ»։
Ըստ նրա՝ հրամանատարը շարունակել է․ «Բա ի՞նչ կարելի է անել, ինչպե՞ս պարզել՝ մերոնք են, թե ոչ»։
Ղորխմազյանը պատասխանել է, որ կփորձի ճշտել։ Այնուհետև, ըստ ցուցմունքի, փորձել է պարզել խմբի ինքնությունը ԱԹՍ-ների, բջջային կապի և այլ միջոցների օգնությամբ։ Սակայն դա, իր խոսքով, ժամանակատար գործընթաց է եղել․ «ԱԹՍ բարձրացնելու համար պետք էր 1-1,5 ժամ, իսկ հեռախոսազանգ կատարելու համար պետք էր դուրս գալ խորացված հրամանատարական կետից»։
Դատարանը հետախուզության պետ Գարիկ Ղորխմազյանին հարցրել է, թե լսել է, արդյոք, խոսակցություն, որի ընթացքում Ջալալ Հարությունյանը հարցմանը ի պատասխան ասել է «յուրային են»։
«Չեմ հիշում նման խոսակցություն։ Հնարավոր է՝ այդ պահին մարտական կառավարման կետում չեմ գտնվել»,- պատասխանել է հետախուզության պետ Ղորխմազյանը։
Ինչո՞ւ էր «Դ-20» դիվիզիոնը ղեկավարվում կենտրոնից՝ Ստեփանակերտից

Պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանի կարծիքով, որը երկար տարիներ եղել է ՊԲ հրետանային բրիգադի հրամանատար, ճգնաժամային իրավիճակներում Գլխավոր շտաբից կենտրոնացված կառավարումը երբեմն անհրաժեշտություն է դառնում, քանի որ հնարավոր է մեծացնել օպերատիվ վերահսկողությունը, ճշտել առաջնահերթությունները։ Ըստ հրետանավորի՝ մյուս կողմից էլ՝ դա կարող է վկայել բանակում առկա կառավարման կառուցվածքային խնդիրների մասին։
«Իմ համոզմամբ՝ դաշտային հրամանատարական շղթան պետք է աշխատի լիարժեք, որովհետև միայն տեղում գտնվող հրամանատարներն են տիրապետում տվյալ պահի օպերատիվ իրադրությանը։ Երբ որոշումները կայացվում են հեռվից, կարող են լինել որոշ ուշացումներ կամ անհամապատասխանություններ իրականության հետ։ Սա, ցավոք, արդեն համակարգային խնդիր է, ոչ միայն անհատական որոշում»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Սահակյանը։
Ջալալ Հարությունյանի փաստարկները

Վերաքննիչ դատարանում քննության առարկա դարձավ նրբագիծ հարցը՝ արդյոք Ջալալ Հարությունյանը 2020-ի հոկտեմբերի 12-ին, իմանալով դիվիզիոնի ուղղությամբ շարժվող զինված խմբի մասին, արտաբերել է՝ «մերոնք են», թե՞ «հնարավոր է՝ մերոնք են» բառերը։
Հարությունյանը դատարանում պնդեց, որ առաջին անգամ ասել է՝ «հնարավոր է մերոնք լինեն», բայց երկրորդ անգամ, երբ հայտնել են, որ մոտենում են, ինքը մոտեցել է քարտեզին՝ հասկանալու համար։ Կասկածի պատճառը, ըստ նրա, այն էր, որ ՄՈԲ-ի՝ փախուստի դիմած մոտ 700 յուրային զինծառայող գտնվել է այդ տարածքում։
Ըստ Հարությունյանի՝ Պաշտպանության բանակը հստակ հետախուզական տվյալներ չի ունեցել։ Իսկ բանակի հրետանու պետ Բաղդասարյանը իրեն զեկուցել էր միայն 50 հոգանոց խմբավորման մասին՝ հայկական համազգեստով։
Հարությունյանը վերաքննիչ դատարանում պնդեց՝ կարող էր ընդհանրապես չպատասխանել, քանի որ դիվիզիոնը այն օղակը չէ, որին ինքը պատասխանի, քանի որ պատշպանության բանակում տասնյակ դիվիզիոններ կային. «Եթե խնդիր է առաջանում, զեկուցում է բրիգադի հրամանատարը»։ Նա ընդգծեց նաև, որ եթե իր պատասխանը միանշանակ լիներ, նույն հարցը իրեն երկրորդ անգամ չէին փոխանցի։
Ըստ Հարությունյանի՝ եթե ՊԲ հրետանու պետ Բաղդասարյանի հաղորդած տեղեկությունում նշվեին խմբավորման մորուքներ, չադրաներ կամ կարմիր ժապավենների մասին, ինքը անմիջապես հրաման կտար խոցելու։ Եվ կարմիր ժապավենների մասին հաղորդագրությունը իրեն փոխանցվել է միայն երրորդ զեկույցում, և դրանից անմիջապես հետո տրվել է խմբավորման խոցման հրամանը (կան որոշ վկայություններ, ըստ որոնց՝ մոտեցող խումբը եղել է մորուքներով, չադրաններով և կարմիր ժապավեններով - խմբ.)։
Ջալալ Հարությունյանը պնդեց, որ նույնիսկ ճիշտ պատասխանի դեպքում իրավիճակն էապես չէր փոխվի. դիվիզիոնի հրամանատարությունը առաջին իսկ պահից տրամադրված էր լքել կրակային դիրքը։ Հարությունյանը նշեց, որ եթե խրամատներ փորված լինեին և դիմադրություն ցույց տրվեր, նման բան չէր պատահի։ Նրա համոզմամբ՝ դիվիզիոնը պետք է կռվեր, ոչ թե մտածեր նահանջի մասին։
ՊԲ նախկին հրամանատարը Վերաքննիչ դատարանում քննադատեց դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանին՝ նշելով, որ գործ ունեն բավականին «հետաքրքիր» անձնավորության հետ. «Երկու դիվիզիոն թողել է թուրքերին՝ մեկը՝ 2020-ին, մյուսը՝ 2023-ին, սակայն այսօր Երևանի դարպասների պաշտպանությունն իրեն է վստահված. Աշտարակի գնդում դիվիզիոնի հրամանատարն է»։ Հարությունյանը նաև մեղադրեց դատախազությանը՝ նշելով, որ գործ չհարուցելով՝ վերջինս փաստացի խրախուսում է նման սպաներին։ Առաջին ատյանի դատարանի փաստական վերլուծության համաձայն՝ դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը կրակային դիրքը թողնելու որոշումը կայացրել է անվտանգության նկատառումներից՝ տիրապետելով անձնակազմի մարտական կարողություններին և գնահատելով իրավիճակը։
2020-ի հոկտեմբերի 12-ի դրությամբ Ջուվարլուից ոչ հեռու գտնվող «Արա լեռ» զորամասի (18-րդ դիվիզիայի հրետանային գունդ) հրամանատար Արշավիր Ղուլյանի կարծիքով՝ եթե դիմադրություն ցուցաբերվեր, հնարավոր էր նվազագույնի հասցնել զոհերը։ Նա հավելել է, որ եթե 15-30 րոպե դիմադրեին, ինքն իր ստորաբաժանմամբ կհասներ օգնության։ Ղուլյանը նշել է․ «Եթե դիվիզիոնը նկատել էր ինչ-որ խմբավորում և չգիտեր՝ ումն են, պետք է հայտարարեր ճակատից հարձակում, դիրքավորվեր և նոր ճշտումներ սկսեր»։
Հարությունյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը նշեց, որ բանակի հրամանատարի խոսքը կարող էր խեղաթյուրվել հաղորդակցության երկար շղթայի ընթացքում՝ սկսած Գենադի Բաղդասարյանից, շտաբի պետից, կապի հանգույցի պետից մինչև կապավոր։ Եվ «հնարավոր է՝ մերոնք են» արտահայտությունից հասցեատիրոջը հասել է միայն որպես «մերոնք են»։
Ջալալ Հարությունյանը նաև մատնանշեց դիվիզիոնի հրամանատարության խախտումները։ Ըստ նրա՝ Ջուվարլու գյուղում չորս դիտակետ պետք է լիներ, բայց երեքը չեն ծավալել, իսկ երբ մեկ դիտակետից նկատել են հակառակորդին, անմիջապես սկսել են հավաքվել։ Նա նշեց․ «Եթե մարտկոցները, ըստ կանոնադրության՝ չորս դիտակետեր ունենային, հնարավոր կլիներ ավելի վաղ նկատել հակառակորդի խմբավորումները»։
Փաստաբան Աշոտ Ապրեսյանի խոսքով՝ Հարությունյանի պատասխանի և դրա հետևանքի միջև պատճառահետևանքային կապ հաստատել հնարավոր չէ, անկախ նրանից՝ նա հստակ ասել է «մերոնք են», թե ոչ։ «Դիվիզիոնի հրամանատարությունը պետք է արդեն տեղյակ լիներ մոտեցող խմբի ինքնության մասին, երբ նրանց հեռավորությունը շուրջ մեկ կիլոմետր էր։ Փորձագիտական եզրակացության համաձայն՝ հրանոթները տվյալ ուղղությամբ թեքելու համար պահանջվում էր ընդամենը մեկ րոպե»,- նշեց Ապրեսյանը։
18-րդ դիվիզիայի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավետիսյանը հայտարարել է, որ դեպքից առաջ նույն ուղղությամբ հակառակորդը հետ է մղվել հայկական հրետանու համազարկերով։ Եվ ինքը նախազգուշացրել էր այդ օրը «Ցորի» հրետանու պետ Նորայր Հայրապետյանին՝ ասելով, որ հակառակորդը մոտ 40 հոգով շարժվում է իրենց ուղղությամբ, և հորդորել է անցնել շրջանաձև պաշտպանության։ Ըստ Ջալալ Հարությունյանի՝ Դավիթ Ավետիսյանը նույն կապով Նորայր Հայրապետյանին ասել էր․ «Ի՞նչ ես ճշտում, ասում ենք՝ թուրքեր են, դեռ ճշտո՞ւմ ես»։
Պաշտպանական կողմը նաև նշելց, որ դատարանը հաշվի չի առել Հարությունյանի առողջական վիճակը. նա 2020-ի հոկտեմբերի 26-ին վիրավորվել է առաջնագծից Մարտունի վերադառնալիս և հետագայում տարել է հինգ ծանր վիրահատություն։
Ջալալ Հարությունյանը դիմելու է Վճռաբեկ դատարան՝ վճիռը բողոքարկելու նպատակով։
Տեղադրություն
Civilnet










