Սիրանուշ Ադամյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ դա վերագրելով իր վարչակազմի դիվանագիտական ջանքերին։
«Հայաստան և Ադրբեջան։ Մենք իսկական հրաշք գործեցինք այնտեղ, և դա արդեն գրեթե կայացած է, եթե չասենք արդեն ստորագրված է»,– ուրբաթ երեկոյան հանրապետական սենատորների հետ ընթրիքի ժամանակ ասել է Թրամփը։
Թրամփն իր ավելի քան երկու ժամ տևած ելույթում Հայաստան-Ադրբեջան թեմային անդրադարձել է շատ կարճ։ Նա խոսել է ներքին և միջազգային մի շարք հարցերի մասին։
ԱՄՆ նախագահի այս հայտարարությանը նախորդել էր օրեր առաջ ԱՄՆ- առաջարկը՝ վարձակալելու 32 կիլոմետրանոց ճանապարհ Հայաստանի Սյունիքի մարզով, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ որպես տարանցիկ կապուղի և կլինի ամերիկյան մասնավոր ընկերության վարձակալության ներքո։
Առաջարկի համաձայն՝ ճանապարհի կառավարումը 100 տարով իրականացնելու է ԱՄՆ-ում գրանցված առևտրային ընկերություն՝ չեզոք վերահսկողությամբ։ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը հաստատել էր այդ առաջարկը նախորդ շաբաթ՝ նշելով, որ նպատակը կողմերի համատեղ օգտագործումն ապահովելն է։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հուլիսի 16-ի ասուլիսին չէր հերքել Վաշինգտոնից նման առաջարկների առկայությունը, բայց ընդգծել էր, որ ճանապարհի նկատմամբ պետք է լինի Հայաստանի իրավազորությունը։
Civilnet











