Գլխավոր Լրահոս

Պետբյուջեից 6 մլն դոլար՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար

Պետբյուջեից 6 մլն դոլար՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից ընդամենը երեք օր առաջ պարզվեց, որ դրա կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից․ երեկ կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 մլն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը։ Այս մասին հոդված է հրապարակել Azatutyun.am-ը։

Սա այն դեպքում, երբ ամիսներ շարունակ ոչ մի տեղ, ոչ մի գովազդում, ոչ մի պաստառում չի նշվել, որ կառավարությունն ու «Դոպինգ սփեյս»-ն են Լոպեսի համաշխարհային շրջագայության շրջանակում կայանալիք այս համերգի հովանավորն ու կազմակերպիչը։

Ավելին, կառավարության որոշման մեջ նշված չէ, որ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը լինելու է օգոստոսի 3-ին, այնտեղ անորոշ ժամկետներ են նշված՝ «2025-ի ընթացքում»։

Բացի այդ, Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման նախահաշվում կան միլիոնավոր դրամների ծախսեր, որոնց հիմնավորվածությունն ու նպատակահարմարությունը հարցեր են առաջացնում։

37,000 դոլար՝ Ջենիֆեր Լոպեսի 2 օրվա սննդի, 15,000 դոլար՝ համերգի ծրագրի պրոդյուսերի համար

Կառավարության որոշումից պարզ է դառնում, որ Լոպեսին վճարվելու է 1 մլրդ դրամ՝ ավելի քան 2,5 մլն դոլար: Քանի որ հայտնի չէ՝ որքան է լինելու համերգի տևողությունը, դժվար է գնահատել՝ այս գումարն արդյոք համապատասխանում է նախկին համերգների համար վճարված հոնորարներին, թե ոչ։

Ավելի կասկածահարույց է միայն Ջենիֆեր Լոպեսի սննդի առաքման ծառայությունների համար նախատեսված գումարը՝ 14,4 մլն դրամ կամ 37,000 դոլար: Նրա թիմի սննդի համար 6 մլն դրամ է առանձնացվել, զգեստափոխման սենյակի աշխատակիցների համար՝ 3,8 մլն դրամ։

Ըստ կառավարության փաստաթղթերի՝ Ջենիֆեր Լոպեսը իջևանելու է «Դվին» հյուրանոցում (Seven Visions Hotels 5), որին երկու օրվա համար նախատեսվում է վճարել մոտ 4 մլն դրամ։ Ըստ նախահաշվի՝ Ջենիֆեր Լոպեսին, նրան սպասարկող թիմին Երևանի տարբեր հյուրանոցներում տեղավորելու վրա ծախսվելու է ավելի քան 71,5 մլն դրամ՝ դոլարով արտահայտված 185 հազար դոլար։

Համերգի գործադիր պրոդյուսերին նախատեսվում է վճարել 2,5 մլն դրամ աշխատավարձ։ Այս հաստիքից բացի, լինելու է նաև համերգի ծրագրի պրոդյուսեր՝ 5,8 մլն դրամ աշխատավարձով։ Համերգի տեխնիկական տնօրինությանը վճարվելու է 29,4 մլն դրամ։

6 միլիոն դրամ հատկացվելու է գնումների հետ կապված խորհրդատվական ծառայության, 4.4 միլիոն՝ իրավական խորհրդատվության, նույնքան էլ՝ հաշվապահական ծառայությունների համար։ «Դոպինգ սփեյս»-ն արտիստին դիմավարողին պլանավորվում է վճարել 1 միլիոն 320 հազար դրամ, համերգի տրանսպորտային պատասխանատուին՝ 2,5 մլն դրամ, սննդի սպասարկման մենեջերին 2,3 մլն դրամ։ Տարածքում լինելու է նաև «օպերացիոն գործընթացների ղեկավար», ով կստանա 3,5 մլն դրամ աշխատավարձ մեկ համերգի համար, գեներատորների պատասխանատուն՝ 3 մլն դրամ։ «Դոպինգ սփեյս»-ը նախատեսում է 8,5 մլն դրամ ծախսել մեքենաների վարձակալության, ուղևորափոխադրման համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում