Էլեն Մուրադյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ Վաշինգտոնում գագաթնաժողովի ընթացքում կստորագրեն համատեղ նամակ՝ իրենց երկրներին ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բերելու մասին։ Այս մասին հայտնում է Վաշինգտոնում գործող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն՝ վկայակոչելով մի քանի աղբյուրներ։
Այս քայլը կլինի Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահությամբ ձևավորված՝ տասնամյակներ շարունակ գործող միջնորդական ձևաչափի պաշտոնական ավարտը։
Ռաուֆօղլուի փոխանցմամբ, որն առաջինն էր տեղեկացրել օգոստոսի 8-ին կայանալիք՝ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ կազմակերպվող հանդիպման մասին, Փաշինյանը և Ալիևը նախատեսում են նաև ստորագրել համատեղ հռչակագիր, որը միտված է ձևավորելու «խաղաղության անշրջելի ուղի»։ Նույն հանդիպման ընթացքում ակնկալվում է նաև նախաստորագրել երկկողմ խաղաղության համաձայնագիրը, որի շուրջ վերջին ամիսներին ընթացել են բանակցություններ։
Գագաթնաժողովը, որը տեղի է ունենալու Սպիտակ տանը, կհյուրընկալի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այն ներառելու է նաև առանձին փոխըմբռնման հուշագրերի ստորագրում ԱՄՆ-ի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Չնայած Մինսկի խումբը երկար տարիներ դիտարկվել է որպես հակամարտության կարգավորման հիմնական դիվանագիտական ձևաչափ, այն փաստացի անգործության էր մատնվել 2020-ի պատերազմից հետո և մղվել երկրորդ պլան՝ հատկապես Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո։
Սպասվող հռչակագրում, ինչպես հաղորդում է Ռաուֆօղլուն, անդրադարձ կլինի նաև Սյունիքի միջանցքին՝ նախատեսվող տրանսպորտային երթուղուն, որը Հայաստանի հարավով «անարգել» կապ կստեղծի Ադրբեջանի հիմնական տարածքի և նրա Նախիջևանի անկլավի միջև։ Թեև Փաշինյանը բազմիցս բացառել է հայկական տարածք զիջելու կամ վարձակալությամբ տրամադրելու տարբերակները, ըստ Ռաուֆօղլուի, նա պատրաստակամություն է ցուցաբերել ընդունելու արևմտյան կառավարմամբ ենթակառուցվածքային լուծում՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո։
Kyiv Post-ում հրապարակված հոդվածում Ռաուֆօղլուն գրում է, որ սպասվող հռչակագրի կենտրոնական մասը նոր առևտրային և ենթակառուցվածքային նախագիծն է, որը կոչվում է «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ կարճ՝ TRIPP: ԱՄՆ պաշտոնյաները Ռաուֆօղլուին ասել են, որ երթուղին կպահպանի Հայաստանի «ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավասությունը»։
Ըստ հոդվածագրի, TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախաձեռնություն չէ։ Պաշտոնյաները հստակեցրել են, որ ԱՄՆ-ն չի տրամադրում «կոշտ անվտանգության երաշխիք» կամ ուժեր չի տեղակայում երթուղում։ Դրա փոխարեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով։
Հունիսին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հանդես էր եկել միջանցքի 100 տարվա վարձակալության առաջարկով։ Ռաուֆօղլուի տվյալներով՝ Վաշինգտոնի ներկայիս ծրագիրը, որը ենթադրաբար ստացել է «Թրամփի ճանապարհ» անվանումը, կարող է ներառել մասնավոր ընկերության կողմից այդ ճանապարհի կառավարում՝ պահպանելով Հայաստանի իրավական վերահսկողությունը։
Թեև որոշ շրջանակներում հնչել են սպասումներ լիարժեք խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ, Ռաուֆօղլուի համաձայն՝ նման փաստաթուղթ չի ստորագրվելու այս հանդիպման ընթացքում։
Եթե համատեղ հռչակագիրը ստորագրվի, դա կլինի ԱՄՆ-ի՝ տարածաշրջանային կարգավորման ուղղությամբ երբևէ կատարված ամենանշանակալի քայլը՝ այն պայմաններում, երբ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում շարունակում է թուլանալ, իսկ Արևմուտքի հետաքրքրությունը՝ աճել։
Civilnet











