ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին դիմում է ստորագրվել

Օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին դիմում։ Այս մասին նշված է նաև նոր ընդունված ԱՄՆ-Հայաստան- Ադրբեջան եռակողմ հռչակագրում։
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հռչակագրի տեքստը, որի երկրորդ կետում նշված է.
«Մենք ականատես եղանք նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրմանը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը»։
Եռակողմ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին խոսել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը.
«Այն սկիզբ էր առել 1992-ին, ԵԱՀԿ շրջանակում բանակցությունը շարունակվում էր երեք տասնամյակ առանց որեւէ արդյունքի։ Ուրիշ էլ ո՞վ է արժանի խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե ոչ նախագահ Թրամփը։ Նա վեց ամսում հրաշք է գործել»,– ասել է Ալիեւը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական ձևաչափն էր 1992-ից ի վեր։ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ են ներկայացվել հակամարտության կարգավորման մի շարք տարբերակներ։
Թեմա
Civilnet










