«Ով Կառավարության անունից դիրքորոշում է հայտնել, որ ՀԷՑ-ի գործով Արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է՝ թող դիմում գրի ու գնա: Էդպիսի դիրքորոշում չի կարող լինել»: Այս մասին այսօր կառավարությունում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման»,- այս մասին ասված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարցմանն ի պատասխան Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մեկնաբանությունում:
Լրագրողը փորձեց վարչապետից հստակ պատասխան ստանալ, արդյոք Կառավարությունը չի՞ կատարելու ՀԷՑ-ի գործով Արբիտրաժային դատարանի որոշումը, սակայն Փաշինյանը վրդովվեց և թույլ չտվեց լրագրողին ավարտել հարցի միտքը:
«Կառավարությունը ես եմ: Ոչ ոք չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն շենքից դուրս գան, եթե՝ ոչ, ես իրենց կհանեմ»,- վրդովված արձագանքեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ՀԷՑ-ի գործով որևէ մեկը որևէ տեղ չի կարող հաղթել Հայաստանի Հանրապետությանը, «այդ թեման վաղուց ավարտված է»:
«Դա բացառված է, որ որևէ սցենարով ՀԷՑ-ը չծառայի Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,- ասաց Փաշինյանը:
Լրագրողի հարցին, արդյոք հաշվարկներ արվել են, թե ինչ հետևանքներ կկրի պետությունը՝ Արբիտրաժային դատարանի պահանջները չկատարելու դեպքում, վարչապետը պատասխանեց. «ՀԷՑ-ի գործով Արբիտրաժային դատարանում մենք հաղթել ենք, և մեր դիրքորոշումները պնդել ենք»:
***
2025-ի օգոստոսի 4-ին Ստոկհոլմի առևտրային պալատի Արտակարգ արբիտրի կողմից կայացված որոշման շուրջ ՀՀ կառավարությունն ու Սամվել Կարապետյանի ընտանիքը տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ են տալիս։ Կառավարությունը հայտարարում է, որ ՀԷՑ-ի բաժնետերերի նոր միջնորդությունները մերժվել են, մինչդեռ Կարապետյանների ճամբարը շեշտում է, որ Արտակարգ արբիտրը հերթական անգամ հաստատել է հուլիսի 22-ի որոշման պարտադիր կատարելի լինելը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժնետերերը՝ Կարապետյանները և Liormand Holdings Limited-ը հուլիսի 29-ին կրկին դիմել էին Արտակարգ արբիտրաժին՝ պահանջելով հստակեցնել ՀՀ կառավարության պարտավորությունները հուլիսի 22-ի որոշման կատարման առումով, վերականգնել ընկերության բաժնետերերի դիմումի պահին գործող ստատուս քվոն և պարտադրել հաշվետվություն ներկայացնել իրականացված քայլերի վերաբերյալ։
Օգոստոսի 21-ին Կառավարության որոշմամբ «ՀԷՑ»-ի գործով միջազգային արբիտրաժում ՀՀ շահերի պաշտպանության համար 1 մլն դոլար է հատկացվել:
Civilnet











