ՀՀ քննչական կոմիտեն օգոստոսի 29-ին պաշտոնապես հաստատել է, որ Արտաքին գործերի նախարարության աշխատակցի նկատմամբ պետական դավաճանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, և նա կալանավորված է։ Միևնույն ժամանակ, կոմիտեն հերքել է լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները, թե ձերբակալվածը բարձրաստիճան պաշտոնյա է կամ հյուպատոս է եղել։
Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ 2025 թվականի հունիսի 20-ին Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության (լրտեսություն, թշնամական գործունեության համար օգնություն ցույց տալ) հատկանիշներով։ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Քննչական կոմիտեն առանձնահատուկ ընդգծել է, որ նախաքննության ընթացքում որևէ տվյալ ձեռք չի բերվել հանցագործությանը ԱԳՆ այլ աշխատակիցների մասնակցության վերաբերյալ։
«Հետևաբար, զանգվածային լրատվության միջոցներով տարածված այն տեղեկությունը, թե նշված աշխատակիցը չի գործել միայնակ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ի՞նչ էին գրել լրատվամիջոցները
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, թե շուրջ երկու ամիս առաջ Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Ավստրիայում ՀՀ հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը։ Factor.am-ը ևս, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր նույն անունը՝ հավելելով, որ նա հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների և ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանից՝ Վիեննա մեկնելիս։
Քննչական կոմիտեի հայտարարությունը փաստացի հերքում է ձերբակալվածի պաշտոնի վերաբերյալ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը՝ առանց, սակայն, նշելու նրա անունը և զբաղեցրած կոնկրետ պաշտոնը։
Civilnet











