Լրահոսը լռում է՝ բարձրագույն պաշտոնյաներն արդյոք այցելեցին Եռաբլուր սեպտեմբերի 27-ին

Լիա Ավագյան
Սեպտեմբերի 27-ին՝ 2020-ի 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞վ է գնացել Եռաբլուր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ օրերին Նյու Յորքում էր և մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին: Պատերազմի մասին Փաշինյանի միակ գրառումը մեկ տող էր պարունակում՝ «Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
Փախվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի Եռաբլուր այցի մասին որևէ տեղեկություն չկա կառավարության կայքում։
Այս օրերին աշխատանքային այցով ԱՄՆ-ում է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը։
ՍիվիլՆեթը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակներից հետաքրքրվեց՝ արդյոք նրանք սեպտեմբերի 27-ին այցելել են Եռաբլուր։ Խոսնակները տեղեկացրին, որ տեղյակ չեն և խոստացան ճշտել։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի՝ Եռաբլուր այցելության մասին ՊՆ պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջերում տեղեկություն չկա։
Պաշտոնական հարթակներում լուրեր չկան նաև Ալեն Սիմոնյանի Եռաբլուր այցի մասին։ Նրա ֆեյսբուքյան էջում վերջին գրառումը թվագրված է սեպտեմբերի 22-ով, իսկ Ազգային ժողովի կայքում որևէ համապատասխան տեղեկություն չկա։
Անվտանգության խորհրդի պաշտոնական կայքը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում ևս տեղեկություն չկա՝ արդյոք Գրիգորյանն այցելել է Եռաբլուր։
44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի նախօրեին Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց «Հիշատակի և խոնարհումի օրվա» նախագծի շրջանառության մասին՝ նշելով, որ օրը ընտրվել է Հունվարի 27-ը։
«Հունվարի 27-ին հիշենք ու հարգանքի տուրք մատուցենք և խոնարհվենք զոհերի առաջ, իսկ հունվարի 28-ին արդեն տոնենք Բանակի օրը»,- գրել է Ռուբինյանը:
Մոռացվեց նաև սեպտեմբերի 13-14-ը
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուր չայցելեցին նաև սեպտեմբերի 13-14-ին։ 2022-ի այդ օրերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում հայկական կողմից պաշտոնապես զհովեց 224 զինծառայող, Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառ. կմ բռնազավթվեց։
Սեպտեմբերի 13-ին Հրազդանում կայացավ «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որը ֆինանսավորել էր Կառավարությունը։
ՍիվիլՆեթի հարցմանը ի պատասխան, թե ինչու պետության կողմից ֆինանսավորվող միջոցառումն անցկացվեց ռազմական գործողությունների տարելիցի օրը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից պատասխանել են, որ նշված ժամկետն է ընտրվել, քանի որ այդ ամսաթիվը «միակն էր, որ համապատասխանել է ծրագրում ընտրված երգիչ Հարութ Փամբուկչյանի և «Կարեն և Սևակ» երաժշտախմբի արտիստների ժամանակացույցին»։
Մեր երկրորդ հարցին, թե արդյոք համերգի անցկացումն այդ օրը կարող է անարգանք դիտարկվել զոհված անձանց հիշատակին, ԿԳՄՍՆ-ից պատասխանել են․ «Համերգի կազմակերպումը նաև յուրօրինակ հարգանքի տուրք է զոհված ազատամարտիկների և զինվորականների հիշատակին»։
Civilnet










