Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը․ Նազելի Բաղդասարյան

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»,- գրել է Բաղդասարյանը։
Հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գործում էին օկուպացիայի ժամանակից։
«Պետք է ասեմ նաև, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գործում էին օկուպացիայի ժամանակից։ Առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկն էր, որն ուղարկվել է Հայաստան։ Կարծում եմ՝ սա ևս լավ ապացույց է այն բանի, որ խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն ոչ միայն թղթի վրա է, այլև գործնականում», – հայտարարել է Ալիևը։
Civilnet










