Գլխավոր Լրահոս

Մեկ անձից գնումով ավելի քան 3,3 մլրդ դրամ կհատկացվի Ակադեմիական քաղաքի համար

Մեկ անձից գնումով ավելի քան 3,3 մլրդ դրամ կհատկացվի Ակադեմիական քաղաքի համար

ՀՀ կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին կթույլատրվի «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում մեկ անձից գնման ընթացակարգով ծառայություններ ձեռք բերել «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» կազմակերպությունից։ Ծառայությունները վերաբերում են Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորմանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց հոկտեմբերի 30-ի կառավարության նիստին՝ չզեկուցվող հարցերի շարքում։

Այս ծառայության իրականացման համար նախատեսվում է կազմակերպությանը հինգ տարվա կտրվածքով վճարել 6,6 մլն բրիտանական ֆունտ ստեռլինգին համարժեք ՀՀ դրամ։ Այս գումարը ներկայիս փոխարժեքով անցնում է 3,3 մլրդ դրամը։

Նշվում է, որ «նախագծով հնարավորություն է ստեղծվում ձեռք բերել Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորմանը միտված խորհրդատվական ծառայություններ՝ Հայաստանի բարձրագույն մանկավարժական կրթության որակի լավարկման և միջազգային մրցունակության բարձրացման նպատակով»։

Ըստ նախագծի՝ «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ»-ը Լոնդոնի Համալսարանական Քոլեջի (UCL) դուստր ընկերությունն է։ «Քոլեջը գիտական հաստատությունների, տարբեր մակարդակների կրթական ծրագրերի, կրթական և հասարակական գիտությունների ինտեգրված կլաստերների ստեղծման և շահագործման ոլորտում եվրոպական և միջազգային ասպարեզում համարժեքը չունեցող փորձառություն ունեցող համալսարան է»,- ասված է հիմնավորման մեջ։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն 2024-ի հոկտեմբերի 8-ին UCL-ի հետ մտադրությունների նամակ է ստորագրել։ Նախագծի համաձայն՝ միայն «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերությունն ունի UCL-ի անունից խորհրդատվական ծառայություններ մատուցելու բացառիկ իրավունք։ Այս հանգամանքները և օրենսդրական հնարավորությունը հիմք ընդունելով՝ առաջարկվում է գնումը կատարել մեկ անձից։

Նախատեսվում է ըստ տարիների բաշխված գումարները յուրաքանչյուր օրացուցային տարվա կտրվածքով փոխանցել փուլային տարբերակով (30% սկզբում, 35% օրացուցային տարվա կեսին և 35% վերջում)՝ համաձայն կնքվելիք պայմանագրի նախագծի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում