Բաքվում ընթացող շինծու գործով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների համար ադրբեջանցի դատախազները մինչև ցմահ ազատազրկում են պահանջել:
Ըստ ներկայացված պահանջների՝ ցմահ ազատազրկում է առաջարկվել Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի և Դավիթ Իշխանյանի համար:
65 տարին լրացած լինելու պատճառով 20 տարվա ազատազրկում՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Մադաթ Բաբայանի համար, իսկ 16–19 տարվա պատժաչափեր՝ Գարիկ Մարտիրոսյանի, Դավիթ Ալլահվերդյանի, Լևոն Բալայանի, Վասիլի Բեգլարյանի, Գուրգեն Ստեփանյանի, Էրիկ Կազարյանի և մի շարք այլ անձանց համար։
Դատավարությունը շարունակվելու է նոյեմբերի 27-ին։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով քննությունն ավարտվել էր հոկտեմբեր 31-ին։
***
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ հարուցված քրեական գործերը 2024-ի դեկտեմբերի կեսին ուղարկվել էին դատարան:
Մեղադրանք է առաջադրվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալավերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Վասիլի Բեգլարյանին և Էրիկ Ղազարյանին:
Նրանք մեղադրվում են «ագրեսիվ պատերազմ պլանավորելու և վարելու, ցեղասպանության, բնակչության բնաջնջման, ստրկության, տեղահանության, խոշտանգում իրականացնելու, վարձկանություն, ահաբեկչություն, հանցավոր կազմակերպություն ստեղծելու» համար։
Civilnet











