Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կողմ ձայների մեծամասնությամբ որոշում կայացրեց դադարեցնելու ՀԷՑ-ի լիցենզիան։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեք օր քննում էր ՀԷՑ–ի «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու հարցը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Արա Նռանյանը դեմ քվեարկեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) լիցենզիան դադարեցնելու որոշման նախագծին։ Նռանյանը նշեց, որ գործընթացն ունի լուրջ իրավական խնդիրներ և մեթոդական թերություններ։
«Եթե Սահմանադրական դատարանը ճանաչեց սահմանադրությանը հակասող օրենսդրական փոփոխությունները, ապա այս ամբողջ գործընթացը կարող է դառնալ հակասահմանադրական»,- ասաց Նռանյանը։
Նռանյանը նաև մտահոգություն հայտնեց այն մասին, թե ինչպես է հարուցվել վարույթը։ Նա նշեց, որ թեև աշխատակազմն ասում է, որ կենտրոնացել են փաստական հանգամանքների վրա, սակայն վարույթը հարուցվել է «ենթադրությունների վրա»։ Նա ընդգծեց, որ ՀԾԿՀ-ի մեթոդաբանությունը պահանջում է, որ վարույթ հարուցվի միայն այն դեպքում, երբ կան համապատասխան փաստական հիմքեր և համոզմունք, որ խախտումն առկա է։
«Այս դեպքում մենք գնացել ենք այլ ճանապարհով»,- հայտարարեց նա։
Հանձնաժողովի անդամը նաև զգուշացրեց, որ գործընթացը կարող է ունենալ ֆինանսական և կադրային լուրջ հետևանքներ, վնասելով ընկերության վարկանիշը.
«Իրականում գործընթացը ունի ֆինանսական լուրջ հետևանքներ, մարդիկ են ազատվում, մարդիկ են ընդունվում, վարկանիշային խնդիրներ կան և ասել, որ այդ ամենը մեզ չի հետաքրքրում, կարծում եմ դա ճիշտ չէ»,- ասաց նա։
Նախագծի համաձայն՝ ՀԾԿՀ-ն գործընթացը սկսել է հիմնվելով Կառավարության լիազոր մարմնի կողմից 2025-ի հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման վրա, որը տրվել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան։
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից մշակվող որոշման նախագիծն ընդգծում է ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կենտրոնական դերը՝ խնդիրները բացահայտելու գործում:
Հանձնաժողովին ուղղված՝ Պետրոսյանի գրություններն են հիմք հանդիսացել այն փաստարկի համար, որ 2025-ի հունվարին խափանվել է ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը, ինչի հետևանքով ջնջվել են էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները՝ սկսած 2018-ից։
Պետրոսյանի գրությունները մատնացույց են անում էներգետիկ համակարգի անվտանգության կամ հուսալիության կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման հնարավորությունը:
***
Հունիսի 17-ից Հայաստանի կառավարության և ՀԷՑ-ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել էին այն բանից հետո, երբ Կարապետյանը քննադատել էր Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։ Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել էր Սամվել Կարապետյանին կալանավորել։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։ Հուլիսի 3-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։
ՀԾԿՀ-ն հուլիսի 18-ին Կառավարության կողմից հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման հիմքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ ինչպես «Էներգետիկայի մասին» օրենքի, այնպես էլ հանձնաժողովի՝ օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսւոմնասիրության նպատակով։
Civilnet











