Նոր Սահմանադրության հանրաքվեն կլինի խորհրդարանական ընտրություններից հետո․ Փաշինյան

Նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին նոյեմբերի 22-ին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պետական մարմինների ներկայացուցիչների հետ առաջին համաժողովի ժամանակ։
Փաշինյանի խոսքով՝ դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը Սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքն ու մոտեցումները խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ։
«Իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվե ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ պետք է ամրապնդել ներքին լեգիտիմությունը նոր Սահմանադրությամբ։
«Այդ նույն լեգիտիմության պատճառով մեզ չի լքում այն զգացողությունը, որ Հայաստանի քաղաքացիները օտարություն են զգում Հայաստանում հաստատված իրավակարգի նկատմամ։ Օրենքները, կարգավորումները, իրավակարգը մեզանում հաճախ ընկալվում են որպես անհարմարություն և խոչընդոտ․․․ Սրանում դեր կարող են ունենալ և ունեն կարգավորումների, օրենքների երբեմն վատ որակը։ Բայց խոսքը այս պահին դրա մասին չէ, այլ այն օտարության, որով մեզանում հաճախ վերաբերվում են իրավակարգին և պետական կարգին»,- ասել է Փաշինյանը։
***
Փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր երկրում նոր Սահմանադրությունն ընդունելու անհրաժեշտության մասին։ Հոկտեմբերի 27-ին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել է, որ երկու շաբաթվա ընթացքում կսկսվի Սահմանադրական բարեփոխումների իրազեկման արշավը։
Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին Փաշինյանը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։
Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։
Civilnet










