Արշալույս Մղդեսյան
Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ արևմտյան խոշոր էներգետիկ ընկերությունները հետաքրքրվածություն են ցուցաբերել Հայաստանի բաշխիչ ցանցերի կառավարման հարցում։ Այս մասին պաշտոնյան հայտարարել է «ՍիվիլՆեթ բիզնես»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ընկերության ապագայի հնարավոր սցենարներին։
Ըստ Պետրոսյանի՝ քննարկվում է ՀԷՑ-ի հետագա կարգավիճակի երկու հիմնական տարբերակ՝ պետականացում կամ օտարում նոր ներդրողի։ Ժամանակավոր կառավարիչը նշել է, որ արդեն իսկ առկա են ազդակներ միջազգային շուկայից։
«Իմ նշանակման առաջին իսկ օրվանից միջազգային լուրջ էներգետիկ կորպորացիաների կողմից ազդակներ են եկել Հայաստան։ Խոսքը նաև արևմտյան այնպիսի հայտնի կորպորացիաների մասին է, որոնք այսօր տարբեր երկրներում օպերատորի կարգավիճակով կառավարում են բաշխիչ ցանցեր»,- նշել է Պետրոսյանը։
Պաշտոնյան վստահություն է հայտնել, որ ընկերության պետականացման դեպքում կառավարությունը բանակցություններ կսկսի պոտենցիալ ներդրողների հետ, և միջազգային արբիտրաժային գործընթացները չեն խոչընդոտի նոր օպերատորի ներգրավմանը։
Պետականացման հեռանկարը և արբիտրաժային վեճը
Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշմամբ արգելվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացմանն ուղղված գործողություններ ձեռնարկել, այդ թվում՝ մինչև վեճի ավարտը զրկել ՀԷՑ-ին լիցենզիայից, կարգավորող մարմինն, այնուամենայնիվ, գնաց այդ քայլին:
«Տաշիր Կապիտալ»-ի գլխավոր տնօրեն, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը վստահ է, որ ստեղծված իրավիճակը ՀԷՑ-ը դարձնում է ոչ գրավիչ ցանկացած խոշոր ներդրողի համար։
«Ոչ մի լուրջ ընկերություն չի գնի այն, ինչի վրա դրված է միջազգային արբիտրաժային դատարանի արգելքը»,- ավելի վաղ ընդգծել է նա լրագրողների հետ զրույցում։
Անդրադառնալով միջազգային արբիտրաժի միջանկյալ որոշմանը` Պետրոսյանը հերքել է այն պնդումները, թե կառավարությունը շրջանցում է արբիտրաժային դատարանի արգելքը։ Նա պարզաբանել է, որ գործընթացներն իրականացվում են ներպետական օրենսդրության շրջանակներում, իսկ պետությունը պատրաստվում է վեճի հաջորդ փուլերին միջազգային ատյաններում։
Որպես քաղաքական գործիչ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ կողմնակից է ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների՝ պետական սեփականություն լինելուն կամ պետության խիստ վերահսկողության տակ գտնվելուն։
«Դա թույլ կտա բարձրացնել պետության դիմակայունությունը և խուսափել կոռուպցիոն ռիսկերից ու հիբրիդային պատերազմներում էներգետիկ կախվածության գործոնի կիրառումից»,- ընդգծել է նա։
Գնահատում և ֆինանսական դրություն
ՀԷՑ-ի շուկայական արժեքի վերաբերյալ հստակ թվեր դեռևս չեն հրապարակվում։ Ըստ ժամանակավոր կառավարչի՝ վերջնական գինը պարզ կդառնա գնահատման և բանակցությունների փուլում։ Պետրոսյանը հավելել է, որ վերջին ամիսներին իրականացված կառավարման արդյունքում, մասնավորապես՝ 21 մլն դոլար վարկային պարտավորության վաղաժամկետ մարման շնորհիվ, ընկերության անվանական արժեքը բարձրացել է։
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) վերջերս որոշում կայացրեց զրկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին գործունեության լիցենզիայից։ Գործընթացը, որի շրջանակում դեռ հուլիսին ընկերությունում նշանակվել էր ժամանակավոր կառավարիչ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած հաղորդման հիման վրա, ծավալվեց ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի` եկեղեցուն աջակցող և քաղաքական իշխանությանը քննադատող հրապարակային հայտարարություններին հաջորդած ժամանակահատվածում։ Արդյունքում սեփականատերը կալանավորվեց իշխանությունը բռնի զավթելու կոչ անելու մեղադրանքով, որի խափանման ժամկետը պարբերաբար երկարացվում է:
Civilnet











