Գլխավոր Լրահոս

Օդի աղտոտվածության խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը կդիմի «էական սահմանափակումների»

Օդի աղտոտվածության խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը կդիմի «էական սահմանափակումների»

Երևանի օդի որակը սկսում է վատթարանալ նոյեմբերի կեսերից և բարելավվել մարտի կեսերից, ինչը պայմանավորված է քաղաքի աշխարհագրական դիրքով, սեզոնային եղանակային պայմաններով և օդի ինվերսիայով: Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հիմնվելով օդի որակի չափումների վրա, որոնք իրականացվում են մոտ երկու տարի: 

«2024-ից մեր բոլոր խոշոր կառուցապատվող օբյեկտներում ներդրված են 175 սարքեր, որոնք միացված են մեր GIS համակարգին, և դրանց տվյալները վկայում են նշված սեզոնային վատթարացման մասին», - այսօր՝ դեկտեմբերի 1-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետը։

Ավինյանը նշեց, որ լուծումները շատ բարդ են և շատ դեպքերում պետք է իրականացվեն նույնիսկ Երևան քաղաքի սահմաններից դուրս: Երկարաժամկետ լուծումների մասին խոսելիս քաղաքապետը հիշատակեց հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք կարող են որոշակի պատնեշ ստեղծել եկող քամիների նկատմամբ: 

Կարճաժամկետ միջոցառումների շրջանակում քաղաքապետը դիտարկում է կրիտիկական օրերին ավելի խիստ՝ վարչարարական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը: 

«Հնարավոր է, որ 10-15 կրիտիկական օր, որոնց մասին մենք նախօրոք տեղեկացված լինենք. այդ օրերին մենք էական մի փոքր ստանդարտից դուրս վարչարարական աշխատանք անենք։ Այդ 10-15 օրվա մեր վարչարարությունը կարող է ազդել 45-60 օրվա վրա։ Այսինքն խոսքը չի գնում այն մասին, որ օդի որակը շատ լավը կլինի այդ ընթացքում, բայց 10 օր ճիշտ, թիրախային, կետային աշխատանքի դեպքում մենք կարող է հնարավորություն ունենալ, մոտավորապես մի 20%-ի ազդեցություն ունենալ, որը իրականում էական ազդեցություն է»,- համայնքների ղեկավարներին դիմելով ասաց քաղաքապետը։ 

Քաղաքապետը նշեց, որ շինարարությունը, ավտոմեքենաները և մնացած մարդածին գործոններն ունեն ազդեցություն, սակայն նրանց չափաբաժինն ավելի փոքր է այս երևույթի մեջ, քան բնական գործոնները, ուստի կետային ճիշտ ազդեցությունը կարևոր է:

Ավինյանը հայտնեց, որ փոշու ճնշիչ սարքերի կարգավորումը դեռևս ներդրված չէ, սակայն այն կընդունվի դեկտեմբերին, և կառուցապատողները պետք է տեղեկացվեն դրա մասին: Առաջիկայում կհավաքվեն և կքննարկվեն վերջնական լուծումները, որոնք կլինեն բարդ և կպարունակեն էական սահմանափակումներ, սակայն քաղաքապետի համոզմամբ՝ «մեր առողջությունը, երեխաների առողջությունը շատ ավելի կարևոր են»:

Երևանի քաղաքապետն օդի որակի վերաբերյալ իր ելույթում չանդրադարձավ այն հանգամանքին, որ քաղաքապետարանն ու համայնքային կառույցները ևս, սխալ կամ թերի հաշվարկների պատճառով, նպաստում են օդի աղտոտվածության մակարդակի բարձրացմանը:

ՍիվիլՆեթի թղթակիցը, որպես կոնկրետ օրինակ, ֆիքսել է Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցում տիրող իրավիճակը: Փողոցում կատարված փորման աշխատանքներից և գետնի տակով անցնող խողովակների փոխարինումից հետո արդեն երկրորդ շաբաթն է՝ տարածքը չի ասֆալտապատվել: Արդյունքում լցված ավազը տրանսպորտային միջոցների ինտենսիվ անցուդարձի հետևանքով վեր է բարձրանում և ամբողջությամբ աղտոտում է շրջակա օդը:

Բնակիչների մտահոգությունն ավելի է մեծանում. փողոցում կայանված մեքենաների և շենքերի պատշգամբների վրա ամեն օր կուտակվում է մի քանի սանտիմետր հաստությամբ փոշու շերտ: Խնդրի մասին սոցիալական ցանցերում բարձրաձայնելուց հետո տարածքը սկսել են պարբերաբար ջրել, սակայն աղտոտվածության հիմնական պատճառը՝ չասֆալտապատված հատվածը, դեռևս առկա է։

Էլեն Մուրադյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում