Շիրակի թեմը հայտարարություն է տարածել՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ կիրակի Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցի այցելելու մտադրության հետ։
«Հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները»,- նշված է հայտարության մեջ:
Հայտարարության մեջ նշված է, որ եթե բացի Շիրակի թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է։
«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով»,- հավելել են թեմի հոգևորականները:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս կիրակի՝ դեկտեմբերի 7-ին կայցելի Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցի ու կմասնակցի պատարագի։ Թե ով է մատուցելու պատարագը, հայտնի չէ։
Տևական ժամանակ է, ինչ Փաշինյանն ամեն կիրակի այցելում է որևէ եկեղեցի ու մասնակցում պատարագի։ Այն պատարագներին, որին մասնակցում է, Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը չեն հնչեցնում։ Դեկտեմբերի 4-ին Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ ինքը գնում է այն պատարագներին, որտեղ Կաթողիկոսի անունը չի հնչում։ Նա հավելել էր, որ իրենց այս խնդրանքը հոգևորականներին հասնում է տարբեր ուղիներով, այդ թվում՝ ԱԱԾ-ի աշխատակիցների կամ ծանոթների միջոցով։
«Մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, կարող է ԱԱԾ աշխատող լինել, բարեկամ լինել, կարող է իմ օգնականը լինել․․․ Կախված է նրանից՝ ով ում ճանաչում է, ում հետ կապ ունի։ Այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտնրը կապ ունեն այնքանով, որքանով՝ որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է»,- ասել էր Փաշինյանը։
Civilnet











