Հայկ Ղազարյան
Արցախի ներկայացուցչությունում դեկտեմբերի 11-ին խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Խուզարկությունները տեղի են ունենում արցախցիների վերադարձին վերաբերող երեկվա խորհրդարանական լսումներից մեկ օր անց։ Խուզարկությունների մասին ահազանգել է նաև Արցախի հինգերորդ նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը։
Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ Քննչական կոմիտեից մոտ 15 անձ մասնակցում է խուզարկությանը։ «Հավելյալ տեղեկություն չունեմ, գիտեմ, որ մոտ 15 հոգի Քննչականից խուզարկություն է կատարում»,- ասաց նա։
«Մինչ Ադրբեջանը ճնշում է գործադրում ՀՀ իշխանության վրա, առաջ քաշում արհեստական «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունն ու ադրբեջանցիների վերադարձով սպառնում, ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հաճո հերթական քայլն է անում»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։
Քննչական կոմիտեից հաստատեցին, որ Արցախի ներկայացուցչությունում քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Արցախի ներկայացուցչությունում Արցախի Սահմանադրության օրվան նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ Արցախի նախագահի պաշտոնակատար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարեց, որ Արցախի տարածքի բռնի զավթումը Ադրբեջանի կողմից չի նշանակում հանրապետության գոյության դադարում։ Լսումներին ներկա պաշտոնյաները քննադատեցին Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը և պահանջեցին պահպանել Արցախի հարցը միջազգային օրակարգում։
2024թ. հունիսի 21-ին ուժայինները Արցախի ներկայացուցչությունում առգրավել էին նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան։ Այն ժամանակ Արցախի փաստաբան Ռոման Երիցյանը ՍիվիլՆեթին հայտնել էր, որ «այս ամենը տեղի է ունեցել Շահրամանյանի հարցազրույցից հետո, որի ժամանակ նա պնդել էր, որ արցախցիների նկատմամբ ճնշումներ կան»։
Civilnet











