Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է բողոքի ակցիաները սահմանափակող օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև նույն օրը հաստատել է բարձրագույն կրթության մասին օրենքում նախատեսված փոփոխությունները։ OC Media-ի հոդվածի թարգմանությունը՝ ստորև։
Երկու օրենսդրական փաթեթներն էլ քննարկվել են արագացված ընթացակարգով և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից անմիջապես հետո։
Բողոքի ակցիաները սահմանափակող փոփոխությունները վերաբերում են հավաքների և ցույցերի մասին օրենքին, ինչպես նաև վարչական իրավախախտումների օրենսգրքին։ Դրանք էլ ավելի են խստացնում արդեն իսկ զգալի պետական ճնշման տակ գտնվող փողոցային ակցիաների պայմանները։ Մասնավորապես, ցուցարարները պարտավորվում են նախապես «տեղեկացնել» պետությանը, եթե ցույցը անցկացվում է «մարդկանց շարժի համար նախատեսված» տարածքներում։ Նախկինում այս պահանջը վերաբերում էր միայն ճանապարհների փակմանը։
Այսուհետ իշխանությունները կարող են «առաջարկել» փոփոխություններ ցույցի անցկացման վայրի կամ ժամանակի վերաբերյալ, իսկ այդ առաջարկներին չհետևելը կարող է հանգեցնել պատժամիջոցների։
Նոր օրենսդրությունը պահպանում է «ինքնաբուխ հավաքների» իրավունքը, քանի որ դրանց բնույթը թույլ չի տալիս դրանք նախապես համաձայնեցնել իշխանությունների հետ։ Այդպիսի դեպքերում օրենքը թույլ է տալիս ոստիկանությանը տեղեկացնել սահմանված ժամկետից ուշ, սակայն դա պետք է արվի հնարավորինս արագ։
Ընդլայնվում են նաև ոստիկանության՝ «շարժը վերականգնելու» լիազորությունները։ Եթե նախկինում դրանք վերաբերում էին միայն երթևեկությանը, ապա այժմ տարածվում են նաև հետիոտնային գոտիների վրա։ Միևնույն ժամանակ, մնում է անորոշ, թե ինչպես են իրավապահները որոշելու, թե երբ է խոչընդոտվում մայթերով շարժը, և ուր պետք է տեղափոխվեն ցուցարարները, եթե հեռացվեն և՛ ճանապարհներից, և՛ մայթերից։
Օրենսդրական պահանջներին չհետևելը կարող է հանգեցնել ազատազրկման նույնիսկ առաջին խախտման դեպքում։ Ցուցարարների համար նախատեսվում է մինչև 15 օր, իսկ «կազմակերպիչների» համար՝ մինչև 20 օր ազատազրկում։ Իսկ հղի անձինք, մինչև 12 տարեկան երեխաների ծնողները, անչափահասները և ծանր հաշմանդամություն ունեցող անձինք կենթարկվեն տուգանքի։
Փոփոխություններն ընդունվել են այն պայմաններում, երբ երկրում շարունակվում են ամենօրյա հակաիշխանական բողոքի ակցիաները, որոնք սկսվել են 2024-ի նոյեմբերին՝ կառավարության՝ դեպի Եվրամիություն ճամապարհից հետքայլից հետո։ Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան՝ հատկապես խորհրդարանի շրջակայքը, շարունակում է մնալ ցույցերի հիմնական վայրը։
Վերջին ամիսներին «Վրացական երազանք» կուսակցությունը ընդունել է մի շարք օրենքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի սահմանափակում էին փողոցային բողոքի ակցիաները՝ ճանապարհների փակման համար նախատեսված պատժամիջոցների խստացումից մինչև դեմքը ծածկելու արգելք և այլ սահմանափակումներ։ Չնայած կառավարությունը վերջերս կանխեց ճանապարհների փակումը, ցույցերը շարունակվեվին խորհրդարանի դիմացի մայթերին և հարակից նեղ փողոցներում։
Իշխանությանը քննադատողները փոփոխությունները դատապարտել են՝ դրանք գնահատելով որպես բողոքի իրավունքը սահմանափակելու հերթական քայլ։ Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) ղեկավար Նոնա Կուրդովանիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանքը քրեականացնում է խոսքի ազատությունը»։
Կառավարությունը մերժել է քննադատությունը, սակայն չի հերքել, որ փոփոխությունները կապված են շարունակվող հակաիշխանական բողոքի ակցիաների հետ։
«Եթե դուք կրկին գտնեք օրենքում մի բաց, որը թույլ է տալիս մի քանի տասնյակ մարդկանց խախտել մեկուկես միլիոնից ավելի քաղաքացիների իրավունքները, ես խոստանում եմ անձամբ նախաձեռնել նաև այդ բացի փակումը»,- չորեքշաբթի հայտարարել է «Վրացական երազանքի» պատգամավոր և խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն։
Նա հավելել է, որ ճանապարհների կամ հետիոտնային անցուղիների փակման և այլ անձանց իրավունքների իրացմանը խոչընդոտելու դեպքում առաջին խախտման համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն, իսկ կրկնվելու դեպքում՝ քրեական։
Իշխանությունն ամենօրյա ցույցերի մասնակիցներին ներկայացնում է որպես «արմատականների» փոքր խումբ, որը, կենտրոնական փողոցներում ցույցեր անցկացնելով, «իր կամքն է պարտադրում» հանրության մնացած մասին։
Բարձրագույն կրթության համակարգի վիճահարույց փոփոխություններ
Խորհրդարանը նաև ընդունել է բարձրագույն կրթության համակարգի աշխատանքը էականորեն փոխող նախագծեր, որոնք վերաբերում են հատկապես կրթական ծրագրերի բաշխմանը և համալսարանների ֆինանսավորման մոդելին։
Փոփոխությունների համաձայն՝ ուսման վարձը ծածկող կրթաթոշակային համակարգը կչեղարկվի, և պետական համալսարաններ ընդունված բոլոր վրացի ուսանողների ուսումը լիովին կֆինանսավորի պետությունը։ Միևնույն ժամանակ կառավարությունը սահմանելու է ընդունելության տարեկան քվոտաներ՝ ինչպես պետական համալսարանների ընդհանուր մակարդակում, այնպես էլ առանձին կրթական ծրագրերի համար։
Օրենսդրական փոփոխությունները նաև պետությանը տալիս են իրավասություն՝ որոշելու, թե որ կրթական ծրագրերն են թույլատրված համալսարաններում։ Սա կառավարության ծրագրի մի մասն է՝ ներդնելու «մեկ քաղաք-մեկ ֆակուլտետ» մոդելը, որի շրջանակում ֆակուլտետները կվերաբաշխվեն պետական համալսարանների միջև, և յուրաքանչյուր համալսարան կպահպանի միայն այն ոլորտները, որոնցում պետությունը համարում է այն առավել ուժեղ։
Կառավարությունը այս և մի շարք այլ փոփոխությունները ներկայացրել է 2025-ի հոկտեմբերին՝ որպես բարձրագույն կրթության լայնածավալ բարեփոխում և համակարգի արդյունավետության բարձրացման փորձ։ Սակայն ընդդիմախոսները քննադատում են նախաձեռնությունը՝ պնդելով, որ իշխանությունը փորձում է խաթարել համալսարանների ինքնավարությունը և սահմանափակել ուսանողների ընտրության հնարավորությունները։
Բարձրագույն կրթությունից բացի, 2025-ի դեկտեմբերին Կրթության նախարարությունը ներկայացրել է դպրոցական բարեփոխումներ, որոնք ներառում են նախարարության կողմից ընտրված մասնագետների պատրաստած դասագրքեր, 12-րդ դասարանի կամընտիր դարձնելը և տարրական դասարանների աշակերտների համար համազգեստի ներդրումը։
Հեղինակ՝ Միխեիլ Գվաձաբիա
Civilnet











