«Թրամփի ծրագիրը Կովկասի համար ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը կտրականապես դեմ է դրան», հայտարարել է Իրանի հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը, հայտնում է IRNA գործակալությունը։
«Թրամփի նախագիծը գործնականում նույն ծրագիրն է, միայն անվանումն է փոխված և այժմ [նույն նպատակը] հետապնդվում է Հայաստան՝ ամերիկյան ընկերությունների մուտք գործելու շրջանակում», - ասել է Վելայաթին։
Իրանի առաջնորդի խորհրդականի կարծքով՝ ամերիկյան կողմը սկզբում արտաքուստ տնտեսական ծրագրերով է մուտք գործում զգայուն տարածաշրջաններ, որից հետո այդ ներկայությունը վերածվում է ռազմական և անվտանգային բաղադրիչների։
«Ցանկացած ծրագրի անվան տակ Իրանի սահմաններին ԱՄՆ ներկայությունը անվտանագային հետևանքներ ունի», - ասել է Վելայաթին։
Իրանցի փորձառու դիվանագետն այս համատեքստում հիշեցրել է Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հարցում, նշելով, որ Իրանը ի սկզբանե դեմ է արտահայտվել դրան հաշվի առնելով սահմանների ցանկացած փոփոխությանը և երկրի սահմանակից անվտանգությանը սպառնացող զարգացումները։
«Երբ քննարկվում էր «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը, Իրանը դրան կտրականապես դեմ էր արտահայտվել նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը մեծապես ներգրավված էր ուկրաինական պատերազմում, և առանց Ռուսաստանի աջակցության խոչընդոտել էր այդ ծրագիրը», - ասել է Վելայաթին՝ նշելով, որ այն կարող էր ճանապարհ հարթել Իրանի հյուսիսում ՆԱՏՕ-ի ներկայության համար և վտանգել Ռուսաստանի հարավը։
Ըստ Իրանում ՀՀ դեսպանության հաղորդագրության՝ Հայաստանի դեսպանն իր հերթին ընդգծել է, որ «Թրամփի ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար: Ըստ դեսպանի՝ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները:
Civilnet











