Հնդկական Skyroot-ը ձգտում է դառնալ տիեզերական Uber

Կարեն Հարությունյան, Հայդարաբադ, Հնդկաստան
Հնդկական Skyroot Aerospace-ը ցանկանում է տիեզերքում անել այն, ինչ Uber-ն արել է քաղաքային տրանսպորտի ոլորտում. Հնդկաստանի առաջին մասնավոր տիեզերական ընկերության փոխնախագահ Սումիլ Սուդխարանն այսպես է ձևակերպում ընկերության հավակնությունը։ Դեկտեմբերի 16-ին Հայդարաբադում Skyroot-ի հրթիռների արտադրական համալիրում նա հանդիպում էր միջազգային լրագրողների հետ, որոնք Հնդկաստան էին եկել երկրի կառավարության հրավերով։
Երբ լրագրողները հերթով ներկայանում էին, ու հերթը հասավ Հայաստանին, Սուդխարանն անմիջապես արձագանքեց. «2022-ին Skyroot-ի առաջին ենթաօրբիտալ արձակումը՝ Vikram-S հրթիռը, հայկական փորձարարական բեռ էր կրում»։

Նրա խոսքով՝ Skyroot-ի նպատակը գոյություն ունեցող համակարգերը փոխարինելը չէ, այլ հասանելիությունը տիեզերքին դարձնել ավելի արագ, ճկուն և հեշտ այն հաճախորդների համար, որոնք երկար ժամանակ կախված են եղել կոշտ, պետության կողմից ղեկավարվող մոդելներից։
Հանդիպումն անցկացվում էր հենց գործարանի արտադրական տարածքում՝ հրթիռային կոնստրուկցիաների, շարժիչների և հավաքման սարքավորումների հարևանությամբ։ Մինչ ներս մտնելը լրագրողների բջջային հեռախոսների տեսախցիկների վրա փակցվեցին հատուկ կպչուն պիտակներ՝ լուսանկարահանումն ու տեսագրությունը բացառելու համար։

Skyroot Aerospace-ը ստեղծվել է 2018-ին Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) նախկին ինժեներների կողմից։ Այն հաճախ համեմատվում է ԱՄՆ-ում գործող SpaceX-ի հետ, թեև գործում է անհամեմատ ավելի փոքր մասշտաբով։ Ընկերության ուղղվածությունը հստակ է՝ փոքր արբանյակների և փորձարարական բեռների արագ և համեմատաբար ցածր արժեքով արձակում՝ Երկիր մոլորակի դիտարկման, կապի և գիտահետազոտական շուկայի համար։
Սա հրթիռագիտություն չէ։ Օ՜, սպասեք… իրականում՝ է՛
Արտադրական տարածքի պատին ուշադրություն է գրավում գրությունը՝ «Սա հրթիռագիտություն չէ։ Օ՜, սպասեք… իրականում՝ է՛» (This is not rocket science… Oh wait. It is!):
Սուդխարանը նշում է այն առավելությունները, որոնք, ըստ նրա, Skyroot-ը՝ որպես ստարտափից ծնված ընկերություն, ունի փոքր բեռների շուկայում։ Vikram դասի հրթիռները նախագծված են արագ արձակման համար, ինչը թույլ է տալիս առաքելությունները գործարանից մինչև արձակման հարթակ տեղափոխել օրերի, այլ ոչ թե ամիսների ընթացքում։ Ի տարբերություն ծանրաբեռնված հրթիռների, որոնք բազմաթիվ բեռներ/սարքավորումներ են միավորում մեկ ընդհանուր թռիչքի մեջ, Skyroot-ը նպատակ ունի առաջարկել առանձին, հատուկ արձակումներ՝ հաճախորդներին տալով վերահսկողություն արձակման ժամանակացույցի և օրբիտալ չափորոշիչների նկատմամբ։
Սուդխարանն ընդգծում է ընկերության կոմպակտ և շարժական արձակման համակարգերը, որոնք նվազեցնում են մեծ ենթակառուցվածքներից կախվածությունը, ինչպես նաև նախագծման փիլիսոփայությունը, որը հիմնված է պարզության և ներհամակարգային արտադրության վրա՝ ծախսերը նվազեցնելու նպատակով։ Skyroot-ը կարող է արագ փորձարկել և վերափոխել իր համակարգերը, ինչը դժվար կիրառելի է խոշոր ծրագրերի դեպքում։
Ընկերությունն այժմ պատրաստվում է օրբիտալ առաքելությունների՝ Vikram-1 արձակման հրթիռով, որը նախատեսված է փոքր բեռները ցածր երկրային ուղեծիր հասցնելու համար։ Սուդխարանի խոսքով՝ Skyroot-ը սերտ համագործակցում է ISRO-ի հետ, սակայն գործում է անկախ. «Մենք չենք փոխարինում պետական ծրագիրը։ Մենք այն լրացնում ենք՝ հատկապես այնտեղ, որտեղ կարևոր են առևտրային ժամկետներն ու ճկունությունը»։
«Փոքր բեռների շուկան գլոբալ է,- ասում է Սուդխարանը։- Տիեզերական գերտերություն լինելը պարտադիր չէ դրա մասը կազմելու համար»։
Այցի ընթացքում կիրառված սահմանափակումները՝ տեսախցիկների վրա կպչուն պիտակներից մինչև ընկերության կողմից վերահսկվող լուսանկարահանումը, ընդգծում էին ոլորտի զգայունությունը, որտեղ առևտրային մրցակցությունն ու կարգավորումները խիստ են։ Skyroot-ի ուղերձը հստակ էր՝ տիեզերքում, ինչպես տրանսպորտում, արագությունն ու հասանելիությունը կարող են նույնքան կարևոր լինել, որքան մասշտաբը։ Դրա մասին է խոսում ընկերության գլխամասային շենքի ճակատին գրված կարգախոսը՝ «Բացելով տիեզերքը բոլորի համար»։

Civilnet










