Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում ՄԱՆ դեսպանատնից։
Նշվում է, որ դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»,- ասված է հաղորդագրության մեջ։
***
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով առնվազն 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին անցած շաբաթ տեղեկացվել է, որ իրենց պաշտոնավարման ժամկետը կավարտվի հունվարին։
Նշված բոլոր դիվանագետները իրենց պաշտոնները ստանձնել էին Ջո Բայդենի վարչակազմի օրոք, սակայն կարողացել էին պահպանել դրանք Թրամփի երկրորդ ժամկետի առաջին ամիսներին իրականացված նախնական «կադրային մաքրման» ընթացքում, որը հիմնականում ուղղված էր քաղաքական նշանակումների դեմ։ Սակայն իրավիճակը փոխվել է չորեքշաբթի, երբ նրանք Վաշինգտոնից սկսել են ստանալ ծանուցումներ իրենց մոտալուտ հեռացման մասին։
Civilnet











