Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման համար նախատեսված բյուջետային հատկացումներն այս տարի ենթարկվել են կտրուկ վերանայման. նախնական 9,6 մլրդ դրամից աշխատանքների համար մնացել է 1,6 մլրդ դրամ։ Օգտագործված միջոցներն ուղղվել են 45 նոր տրոլեյբուսների գնմանը, որոնք Երևան կհասնեն 2026-ի առաջին ամիսներին, պարզաբանել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 23-ի ավագանու նիստի ժամանակ։
Անդրադառնալով մետրոյի շինարարության ձգձգմանը՝ Ավինյանը պարզաբանել է, որ Աջափնյակի կայարանի նախագիծը բարդության 5-րդ աստիճանի է, և միայն դրա պարզ փորձաքննությունը տևել է մոտ մեկ տարի։
«Սա մեր նորանկախ պատմության երևի թե ամենաբարդ նախագծերից մեկն է»,- նշել է նա՝ հավելելով, որ գործընթացը պահանջել է երկարատև համաձայնեցումներ նախագծողների և փորձաքննողների միջև։
2026-ի բյուջեով նախագծի համար նախատեսվել է ևս 2 մլրդ դրամ։
«Այս բարդ պրոցեսում ես ձեզ վստահեցնում եմ, ոնց ունեցել ենք Կասկադը, այդպես ունենալու ենք մետրոյի կայարանի կառուցումը։ Իսկ 2 մլրդ-ն էլ նախատեսված է առաջին հերթին տեղհսկողի մրցույթի համար և որոշ չափով օտարումներ իրականացնելու համար»,- ասել է քաղաքապետը։
Քննարկման ընթացքում ավագանու անդամների կողմից հնչել է քննադատություն առ այն, որ բյուջետային պլանավորումը թերի է իրականացվել։ Մասնավորապես, նշվել է, որ «կառուցման աշխատանքներ» տողով նախատեսված 9,6 մլրդ դրամը չպետք է տարվա կեսից վերաբաշխվեր այլ կարիքների համար, և որ աշխատանքները պետք է մեկնարկած լինեին հենց այս տարի։ Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը վստահեցրել է, որ նախագիծն իրականացվելու է՝ ընդգծելով, որ նոր կայարանը մետրոպոլիտենի ուղևորահոսքը կավելացնի շուրջ 22-25%-ով։
***
Դեռևս հունիսին քաղաքապետի նախկին մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել տարեսկզբին խոստացված 45 տրոլեյբուսներից 30-ը՝ թերհավաքագրումների պատճառով։ Իրավիճակի համար Կոստանյանը մեղադրել էր տրանսպորտի թանկացման դեմ պայքարողներին։
«Թերհավաքագրումները բերելու են նրան, որ այդ գումարը չկա, և 30 տրոլեյբուս արդեն դուրս է եկել ցանկից»,- ասել էր Կոստանյանը։
Հոկտեմբերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ առանց տոմսի ուղևորներին վարչական պատասխանատվության ենթարկելու օրենքի ընդունումից հետո եկամուտների 20% աճ է գրանցվել։
Նոյեմբերին էլ Ավինյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը 12 մետրանոց 45 տրոլեյբուս է գնել, որոնք Հայաստան կհասնեն հաջորդ տարվա առաջին կիսամյակում։
Civilnet











