Գլխավոր Լրահոս

Զելենսկին ԱՄՆ-ին առաջարկել է «Կադիրովի հետ վարվել այնպես, ինչպես Մադուրոյի հետ»

Զելենսկին ԱՄՆ-ին առաջարկել է «Կադիրովի հետ վարվել այնպես, ինչպես Մադուրոյի հետ»

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ակնարկել է, որ Վաշինգտոնը կարող է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նկատմամբ կիրառել այնպիսի քայլեր, ինչպիսին կիրառվել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեպքում։

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Այս հայտարարությունները հնչել են չորեքշաբթի օրը Deutsche Welle-ին տված հարցազրույցի ընթացքում։

Հարցազրույցում Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործիքներ՝ հիշեցնելով հունվարի սկզբին Մադուրոյի ձերբակալման շուրջ գործողությունները։

«Բոլորը տեսան արդյունքը։ Ամբողջ աշխարհը։ Նրանք դա արեցին արագ։ Դե թող ինչ-որ գործողություն իրականացնեն նաև այդ մեկի հետ… ինչ է անունը… Կադիրովի հետ, այդ մարդասպանի հետ։ Գուցե այդ ժամանակ Պուտինը դա տեսնի և սկսի մտածել»,- ասել է Զելենսկին։

Ռամզան Կադիրովը արձագանքել է Ուկրաինայի նախագահի հայտարարություններին իր Telegram-ի ալիքում։ Գրառման մեջ նա օգտագործել է վիրավորական լեզու և պնդել, որ Զելենսկին իբր կոչ է անում ԱՄՆ իշխանություններին իրեն առևանգել։

«Մի ծաղրածու առաջարկում է, որ ԱՄՆ իշխանություններն առևանգեն ինձ։ Նկատեք՝ նա նույնիսկ ինքնուրույն դա անելու սպառնալիք չի հնչեցրել, ինչպես կվարվեր տղամարդը»,- գրել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ իր կարծիքով Զելենսկու խոսքերը հաստատում են Կիևի՝ «խաղաղ կարգավորումը խափանելու փորձերը»։

«Պահպանիր քո դեմքը և մի նվաստացրու քեզ։ Եթե թեկուզ տղամարդկության մի կաթիլ ունենայիր, կհասկանայիր, թե որքան նվաստացուցիչ են հնչում քո խոսքերն ու խնդրանքները»,- շարունակել է Կադիրովը։

Կադիրովը նախկինում բազմիցս կոշտ հայտարարություններ է արել Զելենսկու հասցեին։ Սոցիալական ցանցերում նա պարբերաբար վիրավորել է Ուկրաինայի նախագահին՝ նրան վերագրելով տարբեր գործողություններ։ Կադիրովը նաև պնդել է, թե Զելենսկին «մոտ է ավարտին», և որ ուկրաինացի ժողովուրդը նրան «ծխի նման դուրս կհանի որջից»։

«Դու ինքդ էլ գիտես, թե ինչքան ոչինչ ես՝ ընդունակ միայն քո հակառակորդների ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու։ Որքան աննշան ու զզվելի է դա… Մի՞թե Զելիայի շրջապատում բառիս ամբողջ իմաստով մի տղամարդ չի մնացել, որը կասեր, թե որքան անտղամարդկային քայլ է սա։ Թե՞ այնտեղ միայն թմրամոլներ են։ Այդպիսի մարդիկ ընդունակ են ցանկացած ստորության ու սադրանքի։ Եթե պատրաստ են ընտանիքի անդամների ու երեխաների դեմ «գայլային» պատժամիջոցներ կիրառել, ապա չեմ զարմանում, որ նրանց ստոր և նողկալի գործիքակազմում կարող է լինել նաև ավելի վատ բան՝ ֆաշիստական, սատանայական, անմարդկային մի բան, որը շոկի կենթարկի ամբողջ աշխարհին»,- գրել է Կադիրովը։

Բացի այդ, Կադիրովը նախկինում իր Telegram-ի ալիքում հրապարակել է նաև չափածո տեքստ, որը պարունակում էր սպառնալիքներ և նվաստացնող ձևակերպումներ՝ ուղղված Զելենսկու և Ուկրաինայի իշխանությունների հասցեին։ Այդ տեքստում նա Ուկրաինայի նախագահին անվանել է «ծաղրածու»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում