Գլխավոր Լրահոս

Շահի որդին ակտիվացել է. բայց իրանցիներն ուզո՞ւմ են նոր թագավոր

Շահի որդին ակտիվացել է. բայց իրանցիներն ուզո՞ւմ են նոր թագավոր

1979-ին տապալված շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի որդին՝ 65-ամյա Ռեզա Փահլավին, որ ներկայում բնակվում է ԱՄՆ-ում, հավակնություն ունի վերադառնալու գահին, որը նա հորից պետք է ժառանգեր տասնամյակներ առաջ։ Շահի հնարավոր վերադարձի մասին վերլուծություն է հրապարակել CNN-ի հետաքննող լրագրող Թամարա Քիբլավին։

The son of Iran’s last shah is rallying protesters. But do Iranians really want another king?

Ռեզա Փահլավին ընդամենը 16 տարեկան էր, երբ 1979-ին Իրանի հեղափոխությունը տապալեց նրա հոր 40-ամյա իշխանությունը։ Ինքը՝ շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի ավագ որդին, առաջինն էր հերթում՝ ժառանգելու նավթով հարուստ, հազարամյա կայսրությունը։

Այժմ՝ 65 տարեկանում, իր ժառանգական իրավունքի փլուզումից գրեթե կես դար անց, նրա սպասումը, հնարավոր է, վերջապես մոտենում է իրագործմանը։

«Սա վերջին ճակատամարտն է։ Փահլավին կվերադառնա». սա վանկարկումներից մեկն էր, որն առանձնանում էր հինգշաբթի գիշերը Իրանը համակած համազգային ցույցերի ընթացքում՝ այն բանից հետո, երբ վտարանդի նախկին թագաժառանգն իր հայրենակիցներին կոչ արեց դուրս գալ փողոց։

«Ջավիդ շահ (կեցցե թագավորը),- բացականչում էին ցուցարարները։- Ռեզա շահ, Աստված օրհնի քո հոգին»։

Հինգշաբթի տեղի ունեցած ցույցերը օրեր շարունակվող ընդվզման գագաթնակետն էին, որոնք սկսվեցին Թեհրանի Մեծ բազարում՝ տնտեսական դժգոհությունների պատճառով, սակայն արագ ստացան հակաիշխանական ուղղվածություն։ ԱՄՆ-ում բնակվող Փահլավին փորձում է իրեն դիրքավորել որպես փաստացի առաջնորդ։

Իրանում տապալված միապետությանն աջակցելը տաբու է, քրեական հանցագործություն, և երկար տարիներ մերժվել է այն հասարակության կողմից, որը համաժողովրդական ապստամբությամբ տապալել էր շահի բռնապետությունը։

Ռեզա Փահլավին՝ Paris Match-ի համար լուսանկարվելիս, 2024-ի մայիսի 7, Փարիզ, Ֆրանսիա։ Լուսանկարը՝ Ալվարո Կանովասի։

Վերլուծաբանների խոսքով՝ պարզ չէ, թե ինչն է խթանում թագավորական ընտանիքի և նրա անվանական վտարանդի առաջնորդի նկատմամբ հետաքրքրության վերակենդանացումը։ Իրանցիներն իսկապե՞ս անկեղծ աջակցում են միապետության վերականգնմանը, թե՞ պարզապես հոգնել են ճնշող կրոնական համակարգից։

«Ռեզա Փահլավին, անկասկած, մեծացրել է իր ազդեցությունը և իրեն վերածել Իրանի ընդդիմադիր քաղաքականության առաջատար դեմքերից մեկի»,- ասում է Արաշ Ազիզին՝ հետազոտող, «Ինչ են ուզում իրանցիները» գրքի հեղինակ։ «Սակայն նա ունի նաև բազմաթիվ խնդիրներ։ Նա պառակտող կերպար է, ոչ թե միավորող»։

Տասնամյակներ շարունակ Իսլամական Հանրապետությունը չեզոքացրել է ներքին ընդդիմությանը՝ բանտարկելով քննադատներին, այդ թվում՝ նախկին նախագահներին։ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ Իրանում վերջնական իշխանություն ունեցող անձը, սահմանափակում է ընտրված պաշտոնյաների լիազորությունները և իր մանդատը դիտարկում է որպես վարչակարգի պահապան՝ կոշտ ձևով ճնշելով իշխանությանը նետվող մարտահրավերները։

Սա ուժեղացրել է արտաքին ընդդիմությանը, որը ձևավորվել է Իրանի մեծ սփյուռքում և հարաբերական աննկատ վիճակից դուրս է բերել այնպիսի գործիչների, ինչպիսին է Փահլավին։ Փահլավին առաջին անգամ լայն ուշադրության կենտրոնում հայտնվեց 2020-ին, երբ Իրանը պատահաբար խոցեց քաղաքացիական օդանավը, որը Թեհրանից Ուկրաինա էր մեկնում։ Միջադեպը համախմբեց արտաքին ընդդիմությանը՝ դրդելով նրանց ձևավորել խորհուրդ, որի ակնառու անդամներից մեկը Փահլավին էր։

Սակայն իրանցի այլախոհների բազմազան խմբերի միջև տարաձայնությունները շուտով հանգեցրին այդ խորհրդի փլուզմանը։ Այնուամենայնիվ, Փահլավին պահպանեց դիրքերը՝ որպես ընդդիմության ամենաճանաչված դեմք։ Նրա ամենաբարձր մակարդակի աջակիցը եղել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս դաշինքը բևեռացրել է իրանցիներին (անցած տարվա հունիսին Իսրայելի հարվածները թիրախավորեցին Իրանի որոշ հատվածներ՝ երկու երկրների միջև 12-օրյա պատերազմի ընթացքում)։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը կարող էր նաև ոգևորել այն ընդդիմությանը, որը վարչակարգի արագ «գլխատման» հույս է տածում։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում էր, թե ինչպես է մի ցուցարար փողոցի անունը փոխում՝ այն դարձնելով «Թրամփի փողոց»։

Սակայն վերլուծաբանների խոսքով՝ այդ հույսերը կարող են չարդարանալ։ Թրամփը «կշռադատում է իր տարբերակները և ցանկություն չունի լեգիտիմություն տալ որևէ մեկի, մինչև նա չապացուցի, որ կարող է հաղթել»,- ասում է Ազիզին։ «Փահլավին անձամբ չունի այն հատկանիշները, որոնք կարող են հրապուրել Թրամփին։ Նա ավելի շուտ ակադեմիական է և զուրկ է անձնական խարիզմայից, որը կարող է գրավիչ լինել Թրամփի նման մեկի համար։ Նա հազիվ թե կարողանա շահել Թրամփի աջակցությունը»։

Փահլավին խուսափողական է եղել պայքարի մեջ մտնելու հարցում։ Նա հայտարարել է, որ պատրաստ է առաջնորդել Իրանն անցումային շրջանում, եթե ցուցարարներին հաջողվի այս բողոքի ալիքի ընթացքում տապալել վարչակարգը․ սա վերջին գրեթե մեկ տասնամյակում վարչակարգի դեմ ցույցերի արդեն հինգերորդ շարքն է։ Սակայն Փահլավին սակավախոս է իր ծրագրերի մանրամասների վերաբերյալ, իսկ քննադատները նշում են, որ փորձի պակասը շուտով կարող է աշխատել նրա դեմ։

«Նա խոսում է անցումային առաջնորդ լինելու և անցումային ժողով ձևավորելու մասին, բայց ո՞վ է լինելու անցումային կառավարությունում, ո՞վ է մասնակցելու ժողովին, ո՞վ են լինելու ձեր թեկնածուները»,- ասում է Վալի Նասրը՝ Իրանի հարցերով փորձագետ, Ջոնս Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր։ «Մի բան է նայել բազմությանը և ասել, թե հիանալի կլիներ, եթե Իրանը վերադառնար շահի ժամանակաշրջանին, բայց ինչպե՞ս է նա պատրաստվում դա իրականացնել իրական գործիքակազմի առումով»։

Վերլուծաբանների խոսքով՝ Փահլավիի շուրջ համախմբվելը ամենահստակ նշանն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, կարծես, փակուղում է հայտնվել։ Տարիներ շարունակ կոռուպցիայի և պատժամիջոցների պատճառով թուլացած տնտեսությունը ճեղքվել է, իսկ երկիրը, չնայած բարեփոխիչ մի շարք կառավարությունների ջանքերին, չի կարողացել ազատվել մեկուսացված իր կարգավիճակից։ Երիտասարդները դժգոհ են պահպանողական իշխանությունից և քաղաքական ազատությունների ճնշումից։ Իսկ եթե վարչակարգը փորձի բռնությամբ ճնշել ապստամբությունը, ինչպես արել է նախկինում, կարող է բախվել Դոնալդ Թրամփի զայրույթին։

«Իրանցիները (Փահլավիին) չեն դիտարկում զուտ, որովհետև նա ներկա է համայնքում, այլ որովհետև հուսահատ են»,- ասում է Նասրը։

Փահլավին շահարկում է Իսլամական Հանրապետությունից առաջ եղած ժամանակների նկատմամբ կարոտախտը։ «Տարեց իրանցիներից շատերը հիշում են իմ ծննդյան օրը և այն ազգային խանդավառությունը, որ կար»,- այս շաբաթ նա ասել է The Wall Street Journal-ին,- բայց հիմա՝ երբ ես 65 տարեկան եմ… երիտասարդ իրանցիներն ինձ հայր են կոչում։ Եվ դա ամենալավ բանն է»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում