ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) պետական գաղտնիք է համարել «Ախուրիկ» սահմանային անցակետում ռուս սահմանապահների հնարավոր հեռացման և հայկական կողմին հանձնման վերաբերյալ տեղեկությունները՝ մերժելով պատասխաններ տրամադրել ՍիվիլՆեթին։ ԱԱԾ-ից հայտնել են, որ հայցվող տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման։
Հունվարի 13-ին մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են առաջիկայում հեռացնել ռուս սահմանապահներին հայ-թուրքական սահմանին գտնվող «Ախուրիկ» սահմանային անցակետից։ Ըստ հրապարակումների՝ անցակետը հանձնելու որոշումն արդեն կայացված է, ինչի մասին է վկայում այնտեղ տեղադրված նոր դրոշակաձողը։
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատել էր, որ անցակետում օրեր առաջ հայկական դրոշ է տեղադրվել։ Նա նաև նշել էր, որ ռուսական կողմը ավելի վաղ սահմանի երկայնքով ճանապարհի բարեկարգման աշխատանքներ է կատարել, սակայն սահմանապահների հնարավոր հեռացման մասին որևէ տեղեկություն չուներ։
ՍիվիլՆեթը փորձել էր ԱԱԾ-ից պարզել, թե արդյոք իրականությանը համապատասխանում է «Ախուրիկ» անցակետից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին տեղեկությունը, ինչպես նաև հետաքրքրվել էինք, թե ինչ ժամկետներում է նախատեսվում գործընթացը և ինչ նպատակով է այնտեղ նոր դրոշակաձող տեղադրվել։ ԱԱԾ-ն, սակայն, մերժել է տրամադրել այս տեղեկությունները՝ հիմնվելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համապատասխան դրույթի վրա։
Երկաթգծի վիճակը և Մարգարայի անցակետը
ԱԱԾ-ին ուղղված հարցմամբ ՍիվիլՆեթը հետաքրքրվել էր նաև, թե արդյոք իրականացվում է Թուրքիա տանող երկաթգծի վիճակի գնահատում՝ անցակետի հնարավոր վերագործարկման նպատակով։ Այս հարցը ևս մնացել է անպատասխան՝ գաղտնիության հիմքով։
Ախուրյանի համայնքապետի փոխանցմամբ՝ երկաթուղին հին է, և վերջին շրջանում այնտեղ լայնածավալ աշխատանքներ չեն նկատվել։ Միևնույն ժամանակ, մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ թուրքական կողմն արդեն սկսել է Մարգարայի անցակետի հատվածի շինարարական աշխատանքները։ Ախուրիկ գյուղում, ըստ համայնքապետի, առօրյա կյանքը շարունակվում է բնականոն հունով։
Գևորգ Թոսունյան
Civilnet











