Զեկույցի ու իրականության միջև

Անցյալ ամիս Համաշխարհային բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան հրապարակեցին Doing Business 2013 զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը 185 երկրների շարքում գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով դիրքերը բարելավել է միանգամից 18 կետով՝ զբաղեցնելով 32-րդ տեղը։ Զեկույցի առաջատարը յոթերորդ տարին անընդմեջ Սինգապուրն է: Վրաստանն առաջընթաց է գրանցել 3 կետով ու հայտնվել 9-րդ տեղում։ Հայաստանի հարևան մյուս երկրները հետընթաց են արձանագրել. Ադրբեջանը 67-րդն է (հետընթաց մեկ կետով), Թուրքիան՝ 71-րդը (հետընթաց 3 կետով), Իրանը՝ 145-րդը (հետընթաց 1 կետով)։ Ուշագրավ է, որ զեկույցում Հայաստանը առաջ է այնպիսի զարգացած երկրներից, ինչպիսիք են Բելգիան, Ֆրանսիան, Սլովենիան, Իսրայելը, Չեխիան և այլն: Թե որքանով են զեկույցի եզրահանգումները համահունչ հայաստանյան իրականությանը, ՍիվիլՆեթը փորձել է պարզել տնտեսագետ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ զրույցում:

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ մեթոդաբանական մի քանի հարցեր կան, որոնք պետք է ճշգրտվեն, որից հետո նոր միայն հնարավոր կլինի վերջնական գնահատական տալ Doing Business զեկույցին: «Մասնավորապես՝ բիզնես սկսելու տեսակետից մի շարք ձևական պահանջներ կային, որոնք իսկապես հանվել են, բայց դրա արդյունքում ասել՝ Հայաստանում բիզնես վարելը ավելի հեշտացել է, կամ գործարարը ավելի պաշտպանված է, սխալ է, որևէ ձևով նման եզրահանգման գալ չենք կարող: Առավել ևս, երբ փաստերը այլ բանի մասին են հուշում»,– ասաց նա:

Նրա խոսքով՝ կան ձեռնարկություններ, որոնք սնանկացման վարույթում են գտնվում, և նրանց թիվը փոքր չէ, մյուս կողմից՝ հարկային վարչարարությունը հիմնական ճնշումը կիրառում է փոքր ու միջին բիզնեսի վրա, ինչի արդյունքում վերջնական գնահատականն այն է, որ էական առաջընթաց չի արձանագրվում: «Սրանք իրենց մեջ այնպիսի գնահատականներ են պարունակում, նույն Համաշխարհային բանկի կողմից տրված այս ցուցիչները, որոնք, կարծում եմ, Հայաստանի՝ Սահմանադրությամբ երաշխավորված սոցիալական, իրավական ժողովրդավարական պետության համար հարիր չեն: Օրինակ՝ նույն ազատությունների ինդեքսի տեսակետից, եթե պետական բյուջեում ծախսերի մասը ավելի շատ է, ստացվում է՝ տվյալ պետությունում կառավարության միջամտության հատվածը ավելի վատ է, և դա վնաս է տալիս ազատության հատվածին: Մյուս կողմից՝ եթե, օրինակ, աշխատաշուկայում աշխատողների իրավունքները թերի են պաշտպանված օրենքով, դա համարվում է, ըստ նման գնահատականների, դյուրին կամ լավ վիճակ, մինչդեռ որպես սոցիալական պետություն՝ աշխատողի իրավունքի պաշտպանության տեսակետից, բնականաբար բացասական է դիտվում: Այլ կերպ ասած՝ մենք յուրաքանչյուր ցուցիչ կամ գնահատկան պետք է դիտարկենք տվյալ հասարակությանը, տվյալ միջավայրին համապատասխան»,– ասաց տնտեսագետը: Մինասյանը հավելեց, որ եթե խոսքը ձեռնարկության գրանցման գործընթացի ժամանակահատվածը կարճացնելու մասին է, դա կարելի է համարել դյուրացում: Սակայն, ըստ նրա, դրա արդյունքում խնդրի էությունը չի փոխվում, եթե այդպիսի գրանցումը հետագայում չի ուղեկցվում բիզնեսի վարման հեշտացմամբ:

Ինչ վերաբերում է ներդրողների պաշտպանությանը, ապա Մինասյանի խոսքով՝ «ունենք ոչ միայն դատական ոչ բավարար համակարգ, այլև մինչդատական վարույթներում առկա են բազմաթիվ խնդիրեր, երբ սեփականատերը զրկվում է սեփականությունից՝ առանց դատական վարույթներն անցնելու»: «Ներկայում գործող օրենքի և Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ խոշոր բաժնետերը որևէ ընկերությունում կարող է իր որոշմամբ դուրս մղել փոքր բաժնետիրոջը, դադարեցնել նրա սեփականության իրավունքը բաժնետոմսերի նկատմամբ՝ առանց դատական ընթացակարգերի և առանց փոքր բաժնետիրոջ կամքի արտահայտման: Այլ կերպ ասած՝ այսօր մենք ունենք սեփականության իրավունքի բացահայտ ոտնահարման փաստեր»,– ասաց Մինասյանը՝ հավելելով, թե ամենացավալին այն է, որ ՍԴ-ն նման վարքագիծը մեկնաբանել է որպես օրենքի պահանջներին համապատասխանող: Այս պայմաններում, ըստ նրա, ներդրողի պաշտպանության մասին խոսելը տեղին չէ:

Արծվիկ Մինասյանը սեփականության իրավունքի կոպիտ խախտում է համարում նաև այն, երբ հանրային գերակա շահ անվան տակ քաղաքացիներից խլվում է նրանց մասնավոր սեփականությունը և տրվում է ոչ թե հանրային որևէ սուբյեկտի, այլ մեկ այլ մասնավորի: Մինասյանի խոսքով՝ ներդրողների պաշտպանության տեսակետից կան բազմաթիվ փաստեր, երբ Հայաստանում ներդրում կատարողը չի կարողանում պաշտպանել իր իրավունքը և դրա համար պետք է առնչություններ ունենա իշխանության այս կամ այն անձի հետ, ինչի հետևանքով, ըստ Մինասյանի, չեն գործում սեփականության և ներդրման պաշտպանության դասական կանոնները:

Doing Business 2013-ում էլեկտրաէներգիայի հասանելիության ցուցիչով Հայաստանը միանգամից 42 կետով առաջընթաց էր գրանցել՝ հայտնվելով 101-րդ տեղում:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի հասանելիության տեսակետից Հայաստանն ունի ծախսային լուրջ բաղադրիչ, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի զուտ մատակարարման առումով էական խոչընդոտներ թեև կան, առկա են ծախսային այնպիսի բաղադրիչներ, որոնք ոչ միայն էականորեն բարդացնում են, այլև շատ դեպքերում անհնարին են դարձնում որևէ ձեռնարկության ձևավորումը այնպիսի վայրերում, որտեղ էլեկտրաէներգայի մատակարարումը պարզապես թանկ հաճույք է դառնում: «Պետության պարտավորությունը պետք է լինի ենթակառուցվածքների ձևավորումը: Մեզ մոտ դա չկա: Ձևական առումով թույլտվությունների, լիցենզիաների, փոխադրումների ժամկետների կրճատումը չի կարող խոսել լայն բովանդակային և լուրջ փոփոխությունների մասին»,– կարծում է Մինասյանը:

Որպես օրենսդիր մարմնի անդամ՝ Մինասյանը կառավարությանը խորհուրդ է տալիս օրենսդրական այնպիսի հսկայածավալ աշխատանք կատարել, որ բացառվեն հարկային անհիմն միջամտությունները, ինչը թույլ կտա փոքր ու միջին բիզնեսին ավելի ակտիվ ներգրավվել եկամտաբեր գործունեության մեջ: «Ամենակարևորը՝ կառավարության և հատկապես հարկային մարմինների վարքագիծը պետք է լինի ոչ թե պատժողական՝ պոտենցիալ հանցագործ տեսնելու մղումով, այլ պետությանը, հասարակությանը օգտակար գործ անողների նկատմամբ վերաբերմունքի համատեքստում: Այլ կերպ ասած՝ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները պետական մակարդակում պետք է ընկալվեն որպես բարիք ստեղծող մարդիկ, այլ ոչ թե թաքցնող, գողացող, ինչը այսօր հարկերի հավաքման համար հիմնարար սկզբունք է, չնայած ձևականորեն հայտարարվում է, որ ստուգումից, խախտում հայտնաբերողից անցում է կատարվում օժանդակողի»,– ասաց Մինասյանը:

Նա մի քանի քայլեր է անհրաժեշտ համարում բիզնես վարելը հեշտացնելու տեսանկյունից. առաջին՝ որ հստակ գործի սեփականության պաշտպանության համակարգը, երկրորդ՝ հարկային միջամտությունը բացառվի օրենքով, այլ ոչ թե անգամ կառավարության որոշումներով, երրորդ՝ ստուգումների ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգումների համակարգը պետք է հնարավորինս սահմանափակվի հստակ չափանիշներով, և դրանք պետք է օրենքով ամրագրված լինեն, այլ ոչ թե Պետական եկամուտների նախագահը իրավունք ունենա ցանկացած ժամանակ ցանկացած փոփոխություն կատարել:

Պատգամավորի կարծիքով՝ էականորեն պետք է կրճատվի ստուգող մարմինների թիվը և, ամենակարևորը, որոշակի պահանջ պետք է դրվի ժամկետային սահմանափակումների և ստուգող մարմինների վրա, և պետք է բացառվի միևնույն տնտեսավարողին մեկ այլ մարմնի կողմից կրկնակի ստուգելը:

Արծվիկ Մինասյանը կարևոր է համարում նաև քրեական օրենսգրքում փոփոխությունները: «Տնտեսական մի շարք գործողություններ, որոնք այսօր քրեական օրենսդրությամբ սահմանվում են որպես հանցագործություններ, պետք է դուրս գան հանցագործությունների շարքից: Տնտեսական այս կամ այն, թեկուզ թվացյալ հանցագործություն համարվող գործողության պատճառով տվյալ տնտեսավարող սուբյեկտի պատասխանատու անձը չի կարող կալանավորվել կամ ազատությունից զրկվել: Սա իսկապես խոչընդոտում է և լուրջ հարված է ներդրումային դրական միջավայրի ձևավորման համար»,– ասաց նա՝ նշելով, որ օրենսդիր մարմինը ևս հսկայական աշխատանք ունի անելու՝ սկսած հարկային միասնական օրենսդրության մշակումից, մինչև դրա գործնական կիրառման նկատմամբ հսկողության իրականացումը:

Տաթև Ղազարյան

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանել