Հռոմի Պապն արգենտինացի կարդինալ Բերգոլյոն է

Նորընտիր Պապը արգենտինացի 76-ամյա կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյոն է. հաղորդում է BBC-ն: Նա հայտնի է՝ որպես ծայրահեղ համեստ կենսակերպ ունեցող մարդ՝ օգտվում է հանրային տրանսպորտից, ինքն է իր համար կերակուր պատրաստում: Համարվում է, որ նրա հաղթանակի գրավականն է եղել սոցիալական արդարության համար պայքարը: Նա իր համար ընտրել է Ֆրանցիսկ անունը:

Նորընտիր Պապը հավաքվածների առաջ իր առաջին հովվապետական խոսքն ասաց: Ելույթի հենց սկզբում նա բոլորին հորդորեց աղոթել միասին՝ բոլորի և նաև Բենեդիկտոս 16-րդի համար: «Եկեք աշխատենք միասին՝ եղբայրաբար ու սիրով: Եկեք աղոթենք միմյանց համար, ողջ աշխարհի համար, որում մեր մեծ եղբայրությունն է»,- ասաց նա՝ խնդրելով լռության մեջ աղոթել իր համար: Հսկայական հրապարակում տիրեց լռություն: Հաջորդիվ նա ոչ թե երգեց շարականը, այլ ասերգով հանդարտ ընթերցեց այն. հանդարտ էր նաև ողջ հրապարակը, «հանդարտ, ինչպիսին ինքն է՝ ամեն ինչում խոնարհ հոգևորականը»,- նշեց BBC-ն:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապի ընտրությունն ավարտվեց քիչ առաջ:

Հռոմի նորընտիր Պապը «բոլորին բարի գիշեր» մաղթելով հեռանալուց հետո Թվիթերի իր էջում կատարեց իր առաջին գրառումը. HABEMUS PAPAM FRANCISCUM («Մենք Ֆրանցիսկ Պապ ունենք»):

Մեկնաբանել