The National ռոք խումբը վախեցել է Էրդողանից

Ամերիկյան The National ռոք խումբը չեղյալ է հայտարարել հունիսի 23-ին Ստամբուլում կայանալիք համերգը, որը պիտի անցներ Istanbul Calling փառատոնի շրջանակում: Որոշման պատճառը «բռնության ուժգնացումն է» խաղաղ ցուցարարների հանդեպ, որոնք բողոքում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, հաղորդում է Huffington Post-ը:

Իր ֆեյսբուքյան էջում խումբը աջակցություն է հայտնել թուրք ցուցարարներին և հույս հայտնել, որ հատուկ ստորաբաժանումների կամայականությունները շուտով կդադարեն:

Ստամբուլում և թուրքական այլ քաղաքներում անկարգությունները սկսվել են մայիսի վերջին՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցրել է Գեզի այգու ոչնչացման դեմ բողոքող մարդկանց: Արդյունքում՝ ցուցարարներին միացել են բազմաթիվ մարդիկ, և բողոքի ցույցերը վերածվել են զանգվածային շարժման:

The National հինդի խումբը կազմավորվել է 1999թ. Օհայոյում, հետագայում տեղափոխվել Բրուքլին: 2013թ. երաժիշտները թողարկել են իրենց վեցերորդ՝ «Trouble Will Find Me» ալբոմը:

Մեկնաբանել