Գործարար Աշոտ Սուքիասյանի նամակը գլխավոր դատախազին և «Հետքին»

Լուսանկարը` Աշոտ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջի

Օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը, որի նկատմամբ հունիսի 17-ին հետախուզում էր հայտարարվել Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում, նամակ է հղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որում իր պարզաբանումներն է ներկայացրել օֆշորային կազմակերպության` Wlispera Holdings Limited-ի գրանցման վերաբերյալ: Նա նշել է, որ վերջինիս հիմնադիրն ինքն է և ինքն է բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և համաձայնության: Նամակի պատճենն ուղարկվել է Hetq.am-ին:

ՀՀ գլխավոր դատախազ՝

պարոն Աղվան Հովսեփյանին

Պատճենը` Hetq.am

ՀՀ քաղաքացի Աշոտ Սուքիասյանից

Մեծարգո պարոն Հովսեփյան,

Կապված վերջին իրադարձությունների հետ, կուզենայի ներկայացնել իմ պարզաբանումները:

Հասկանում եմ, որ պետք է լուսաբանեմ ողջ եղելությունը:

2009թ.-ի օգոստոսի 20-ին ՀՀ Կառավարությունում տեղի ունեցավ ժողով, որի նպատակն էր ադամանդագործության և ոսկերչության զարգացումը ՀՀ-ում և աշխատատեղերի ավելացումը: Դրան հաջորդեցին Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած ժողովները նույն նպատակով: Ժողովի ընթացքում խոսվեց այն մասին, որ Ռուսաստանը առաջարկում է 5% տոկոսադրույքով` 15 տարի մարման ժամկետով ադամանդի հումք: Առաջարկվող ադամանդի հումքի գնացուցակները ստանալուց հետո հումքի որակը և գները չէին համապատասխանում պահանջվող շուկայի ո՛չ որակին, ո՛չ էլ գներին: Ժողովի ընթացքում ես առաջարկեցի ադամանդի հումք, որը պետք է ներմուծվեր այն ընկերությունից, որը գտնվում է Հարավային Աֆրիկայի Սիերա Լեոնե Հանրապետությունում:

Ըստ պայմանավորված ժամկետի` մոտ 1 ամիս հետո, բերվեցին հումքին վերաբերող բոլոր թղթերը, որոնք ներկայացվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն: Պայմանավորված կարգով տեղի ունեցավ մի նոր ժողով, որտեղ մասնակցում էին 20-ից ավելի կազմակերպություններ, ներկայացվեց մոտ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք ադամանդի հումք:

Քանի որ ներկայացվող հումքի արժեքը մոտավորապես 20-30% ցածր էր Ռուսաստանի կողմից առաջարկվող հումքի արժեքից, ժողովի մասնակիցներից բոլորը ցանկություն հայտնեցին գնելու և համագործակցելու ինձ պատկանող «Ձորագյուղ» կազմակերպության հետ, որտեղ «Ձորագյուղ» կազմակերպությունը պետք է մատակարարեր ադամանդի հումք, իսկ մյուս կազմակերպությունները պետք է հանդիսանային գնորդներ:

Ժողովի մասնակիցները ցանկություն հայտնեցին հանդիպել «Ձորագյուղ» կազմակերպությունում` ներկայացնելով իրենց վարպետ-մասնագետներին: Նրանք հիանում էին հումքի որակով և գներով, բայց չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ կամ հնարավորություններ՝ գրեթե բոլորն առաջարկում էին վերցնել հումքը պայմանագրային կարգով, վերամշակել և վերադարձնել «Ձորագյուղ» ԱԿ-ին:

Ծրագիրը նպատակահարմար չէր: Այդ օրերին Փայլակ Հայրապետյանն առաջարկեց ժողովի մասնակիցներին հանդիպել իրեն պատկանող Սևանում գտնվող Ծովազարդ համալիրում ճաշելու և քննարկելու հայ ադամանդագործների հետագա ճակատագիրը: Այդ ամենից հետո Փայլակ Հայրապետյանը առաջարկեց առանձին հանդիպել ինձ հետ Երևանում և ներկայացնելով իր իսկ ունեցած նորաստեղծ ադամանդի վերամշակման արտադրամասը` Հայրապետյանը հայտնեց, որ չունի ֆինանսական միջոցներ, բայց ունի անշարժ կապիտալ, որի վաճառքից կամ գրավադրումից կունենա ֆինանսական միջոցներ` այդ նպատակով օգտագործելու համար: Նա նաև առաջարկեց, որ մեր երկուսի ուժերը միացնելով` կարող ենք ստեղծել աշխատատեղեր, մասնագիտացված դպրոց և ուսումնարան:

Ես խորհուրդ տվեցի, որ գրավադրվելուց ավելի հարմար է վաճառվող գույքը վաճառել և այդ միջոցներով սկսել աշխատանքները: Երկար ժամանակ փորձելուց հետո ոչինչ չէր վաճառվում, Փայլակ Հայրապետյանը փորձեց գրավադնել իրեն պատկանող գույքը «Անելիք» և «Պրոմեթեյ» բանկերում: «Պրոմեթեյ» բանկի ներկայացուցիչը անձամբ գնաց ուսումնասիրելու գործարանը և գրավները, բայց ինչ-ինչ պատճառներով մերժեց: Պարզվեց, որ Փայլակ Հայրապետյանին պատկանող կազմակերպությունները չունեն համապատասխան շրջանառություն և բանկային համակարգին համապատասխան վարկային կենսագրություն:

Դրանից հետո Փայլակ Հայրապետյանը առաջարկեց, որ մեր կազմակերպությունը օգնի Հայրապետյանին պատկանող գույքերի գրավադրմանը, քանի որ «Ձորագյուղ» կազմակերպությունը ունի վարկային լավ կենսագրություն և մեծ շրջանառություն:

Ես հարցրեցի գույքերի սեփականատերերի և փայատերերի մասին, Փ. Հայրապետյանը պատասխանեց, որ իր ընտանիքում ամբողջ գույքը բաժանված է և ամեն մեկը ունի իր սեփականությունը, մնացած առաջարկվող գույքը, որը կարելի է վաճառել կամ գրավադնել, հանդիսանում է միայն իր սեփականությունը և պատրաստ է ցանկացած պահի տալ վաճառելու կամ գրավադնելու իրավունք նոտարական վավերացմամբ:

Դրանից հետո դիմեցի «Ամերիա» բանկին, որպեսզի ուսումնասիրի այս ծրագիրը և փորձի ֆինանսավորել: Սկսվեցին հանդիպումներ «Ամերիա» բանկի ղեկավարության հետ: «Ամերիա» բանկում լսելով ծրագիրը` առաջարկեցին, որ բիզնես ծրագիրը գրեն հենց իրենք, որպեսզի ծրագիրը լինի պրոֆեսիոնալ և արժանանա հավանության: Հետո մեզանից ուզեցին գրավադրվող գույքերի վկայականների պատճենները:

Փ. Հայրապետյանը բերեց գրավադրվող գույքերի վկայականները: Բանկը տվեց իր գնահատող կազմակերպության տվյալները: Նրանք կատարեցին նախնական գնահատում, տեսնելով, որ գրավադրվող գույքերը համապատասխանում են 12 000 000 ԱՄՆ դոլարի արժողությամբ վարկի չափին: Այնուհետև «Ամերիա» բանկը, ունենալով բիզնես ծրագիրը և գույքերի նախնական գնահատումները, քննարկեց և հաստատեց 12 մլն դոլարի վարկը 10 տարով, 12% տոկոսադրույքով:

Բանկը պահանջեց կադաստրից բոլոր գրավադրվող գույքերի միասնական տեղեկանքները: Այդ պահին Հայրապետյանը հայտարարեց, որ այդ գույքերից մի մասը արդեն գրավադրված են, մոտավորապես մի 60 000 դոլարի չափով: Եվ քանի որ բանկային ռեգիստրում իր անունը գտնվում էր դասակարգման փուլում, մենք որոշեցինք գրավադնել գույքերից որևէ մեկը և մարելով Փ.Հայրապետյանին պատկանող վարկը և վարկային կենսագրությունը մաքրելով` շարունակենք մեր աշխատանքները «Ամերիա» բանկում:

Պարզվեց, որ «HSBC» և «Զարգացման» բանկերում միասին Հայրապետյանի պարտքը ոչ թե կազմում է 60 000 ԱՄՆ դոլար, այլ 763 000 ԱՄՆ դոլար: Եվ բանկերը արդեն սկսել էին սպառնալ գույքերի առգրավմամբ:

Սկսվեց Փ. Հայրապետյանի պարտքերի մարման պրոցեսը, որին հաջորդեց «Ամերիա» բանկից վերցրած առաջին գումարը, որով փակվեցին պարտքերը: Նախապես «Ամերիա» բանկին առաջարկվեց փոխել նախնական գնահատում ստացած գույքը՝ առանց պատճառաբանելու, որ դրանք գտնվում էին մեկ ուրիշ բանկում գրավադրված, բայց «Ամերիա» բանկը կատեգորիկ հրաժարվեց, պնդեց, որ իրեն հետաքրքրում է հիմնականում միայն Երևան քաղաքում գտնվող գույքը, և մեր կողմից առաջարկվող գույքն արդեն ֆիքսված էր վարկային կոմիտեում:

Սկսվեցին աշխատանքները «Ամերիա» բանկի հետ: «Ամերիա» բանկը սկսեց ձևակերպել գրավները և շատ դժվարությամբ վճարել գումարները, պահանջվող 2.000 000-ի դիմաց 1. 000 000, 5.000 000-ի դիմաց 2.000 000, 3.000 000-ի դիմաց 700 000 ԱՄՆ դոլար: Եվ ամեն օր ուշացնելով բիզնեսի մեջ մտնող անհրաժեշտ գումարների պահանջվող չափը և ժամանակը, բանկը գիտակցում էր իր կողմից գրված բիզնես ծրագիրը, որտեղ ասվում էր, որ աֆրիկյան այդ երկրում աշխատանքային սեզոնը կազմում է մոտ 8 ամիս, իսկ հաջորդ 4 ամիսներին սկսվում է անձրևների շրջանը, որի ընթացքում գրեթե հնարավոր չէ աշխատել:

Ըստ բիզնես ծրագրի՝ 12.000.000 ԱՄՆ դոլարով պետք է գնվեր համապատասխան տեխնիկա և միջոցներ աշխատացնելու Աֆրիկայում գտնվող հանքատարածքը, և ադամանդները ուղղել Փ. Հայրապետյանի ադամանդի գործարանը աշխատացնելու նպատակով: Բանկը իր հերթին ուշացումները պատճառաբանում էր գրավադրվող գույքի փաստաթղթերի կիսատ և անորոշ վիճակով: Փ. Հայրապետյանին պատկանող Քոչարի 4/9 հասցեի գույքը մոտավորապես 5 ամիս անհրաժեշտ եղավ, որ կատարվեն անհրաժեշտ ձևակերպումները, քանի որ այդ գույքը ձևակերպված էր Հայրապետյանի հարսի հոր` Գագիկ Ղարիբյանի անունով, և քանի որ վերջինիս կինը մահացել էր, պետք է ձևակերպվեր ժառանգությունը:

Բանկը նաև պահանջեց շենքի տակ գտնվող 2038 քմ տարածքով հողատարածքի վարձակալությունից սեփականության ձևակերպումը: Բանկը պահանջեց նույն շենքի 1-ին և 2-րդ հարկերի սեփականատերերի համաձայնությունը գրավադնելու համար, որտեղ ասվում էր, որ հարևանները պետք է տան իրենց գրավոր համաձայնությունը՝ իրենց գույքով պատասխան տալով գրավ դրվող Փ. Հայրապետյանի գույքին: Այդ կազմակերպությունը համաձայնվեց տալ նման տեղեկանք միայն այն դեպքում, որ գնենք ժամանակացույցով իրենց պատկանող առաջին և երկրորդ հարկերը, որի համար «Ձորագյուղ» կազմակերպությունը ստիպված եղավ նախնական վճարել 48 000 ԱՄՆ դոլար:

Ընթացքում «Ամերիա» բանկ գրավադրվելով փոխանցվում էին գումարներ տեխնիկայի գնման և հանքավայրերում կատարվող աշխատանքների համար: Առաջին վարկի ստացումից դեռ մեկ տարի չլրացած բանկը հրաժարվեց վճարել վերջին գումարը, որով պետք է գնվեր լվացող մեքենա: Բանկը նաև մի շարք պատճառաբանություններով խոստացած վարկի 12 տոկոս տոկոսադրույքը դարձրեց 15 տոկոս:

Մինչդեռ այդ բանկում «Ձորագյուղ» ԱԿ-ի միայն մուտքերը 1 տարվա մեջ հասել էին մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի: Բանկը նաև պատճառաբանեց, որ առաջին 1 մլն դոլարը տրամադրված է եղել, որպես վարկային գիծ, որը խոստացել էին հաջորդ վարկերի ընթացքում փոխել վարկի: Բանկը սկսեց պահանջել, որ առաջին 1 մլն դոլարը` տրված 25.06.2010թ., տրամադրված է որպես վարկային գիծ և պետք է մարվի: Ես ընդունեցի առաջարկը` փակել վարկային գիծը, ակնկալելով, որ գումարը մի քանի օրից նորից կվերադարձվի կազմակերպությանը, քանի որ այն տրված էր 10 տարի ժամկետով: Բանկը կատեգորիկ հրաժարվեց վերադարձնել գումարը և հրաժարվեց նաև տրամադրել վարկի մնացորդը` 1 300 000 դոլարի չափով:

«Ամերիա» բանկից ստացվել է ընդհանուր 10.700.000$:

Նամակն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ:

Մեկնաբանել