Հուլիսի 20-ից տրանսպորտի սակագինը կդառնա 150 դրամ. քաղաքապետարան

Երևանում հասարակական տրանսպորտի սակագինը հուլիսի 20-ից կդառնա 150 դրամ` գործող 100 դրամի փոխարեն: Այս մասին հուլիսի 18-ին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանի հետ համատեղ ասուլիսում: Նավասարդյանի խոսքով` սակագնի բարձրացումը վերաբերում է միկրոավտոբուսներին և ավտոբուսներին:

«Տնտեսվարող սուբյեկտներն իրենց դիմումներում առաջարկել էին սակագինը բարձրացել 140-200 դրամի սահմաններում, և տրանսպորտի մրցութային հանձնաժողովը` ուսումնասիրելով այդ դիմումները, եզրակացրել է, որ եթե տնտեսավորող սուբյեկտները նորմալ կազմակերպեն իրենց աշխատանքը, ապա տրանսպորտի սակագինը հնարավոր է սահմանել 150 դրամի չափով»,- ասաց Նավասարդյանը` հավելելով, որ տրոլեյբուսների սակագինը կդառնա 100 դրամ, իսկ մետրոյի մետրոյի ուղեվարձը կմնա անփոփոխ:

Նավասարդյանի խոսքով` սակագնի բարձրացման հիմնական պատճառները վերջին 10 տարիների ընթացքում և´ տրանսպորտային միջոցների, և´ վառելանյութի, և´ պահեստամասերի թանկացումն է: Նա հավելեց, որ տնտեսվարողների հայտերն իրենք ստացել են 2013թ. հուլիսի 4-ից և վերոնշյալ երեք պատճառներին գումարվել է նաև ամառային շրջանում ուղևորների թվի նվազումը և հուլիսի 8-ից գազի գնի բարձրացումը:

«Սակագնի բարձրացումն անհրաժեշտություն էր վաղվա օրվա համար, որպեսզի տրանսպորտային սուբյեկտների կողմից սպասարկումը լինի առավել բարձրորակ»,- ասաց Ալբերտ Գևորգյանը` հավելելով, որ «ապագան ավտոբուսինն է, և ամեն ինչ արվելու է միկրոավտոբուսներից ազատվելու համար, ինչի համար էլ հրամայական է դառնում սակագնի բարձրացումը»:

Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ սակագնի բարձրացմանը զուգահեռ ավելի մեծ ուշադրություն կդարձվի մեքենաների տեխնիկական վիճակին, ժամանակացույցին, ինչպես նաև տրանսպորտային նոր միջոցների ձեռքբերման խնդրին: Նա նշեց, որ արվելու է հնարավորինս` թեթևացնելու տրանսպորտի գերբեռնվածությունը:

«Մինչև տարեվերջ ևս 100 ավտոբուս կավելանա քաղաքային տրանսպորտի պարկում»,- ասաց Նավասարդյանը` հավելելով, որ ակնկալվող բարեփոխումները պետք չէ սպասել «հենց հաջորդ օրը, քանի որ խնդիրները շատ են»: Նա նշեց նաև վարորդների թվի պակասի խնդրի մասին:

Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետը հերքեց լրագրողների տեսակետը, թե տրանսպորտի սակագնի բարձրացումը պայմանավորված է ընտրությունների ավարտով` նշելով, որ հարցը պայմանավորված է միայն տնտեսվարող սուբյեկտների դիմումների ներկայացմամբ:

Երևանում 63 մասնավոր կազմակերպությունների կողմից պայմանագրային հիմունքով սպասարկվում է 112 միկրոավտոբուսային երթուղի, որում շահագործվում է տարբեր մակնիշի մոտ 2,7 հազ. միկրոավտոբուս։ Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է 578 ավտոբուս, փաստացի շահագործվում է 42 երթուղի, որոնցում օրական միջին հաշվով գիծ է դուրս գալիս 370-380 միավոր շարժակազմ։

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել