Չեմ հրաժարվում իմ քաղաքական սկզբունքներից, իմ պայքարից. Արմեն Մարտիրոսյան

ArmMartԴա ամբողջովին քաղաքական հետապնդում էր. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որն օրերս գրավի դիմաց ազատ արձակվեց ՊՊԾ գնդում «Սասնա ծռերի» իրականացրած գործողությունների ընթացքում կալանավորվելուց հետո:

Դիմելով լրագրողներին՝ նա շնորհակալություն հայտնեց նրանց այդ ամենը արձանագրելու համար, քանի որ «այդ կադրերի շնորհիվ ևս մեկ անգամ ապացուցվել է ոչ միայն իր, այլև մնացած քաղբանտարկյալների անմեղությունը»:

Քրեական գործը, ըստ Մարտիրոսյանի, «ապօրինի, շինծու քաղաքական հաշվեհարդար տեսնող քայլ է, ոչ ավելին»:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի պնդումներին՝ Մարտիրոսյանն ասաց, որ դրանք «անթույլատրելի էին»: Փաշինյանը, Արմեն Մարտիրոսյանի խոսքով, հղում էր արել և իր մասին ասել խոսքեր, որոնք, ըստ էության, «ոստիկանության ներկայացուցիչներն էին ցուցմունքներում գրել», և «դրանք չեն համապատասխանում իրականությանը»:

Քաղաքական գործիչը ընդգծեց, որ պայքարը եղել է «բացառապես քաղաքական և այդպես էլ շարունակվելու է»:

«Նույնիսկ զինված գործողությունների արդյունքում, միևնույնն է, ցանկացած իրավիճակ լուծվում է քաղաքական որոշումների արդյունքում»,- ասաց Մարտիրոսյանը:

«Ինձ համար ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իշխանափոխության լավագույն միջոց եղել և մնալու է բացառապես մեկը՝ հասարակության ակտիվ մասնակցությունը, քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը,- հայտարարեց Մարտիրոսյանը՝ հավելելով: – Ես չեմ հրաժարվում իմ քաղաքական սկզբունքներից: Իմ քաղաքական պայքարից չեմ հրաժարվում և համոզված շարունակում եմ պնդել, որ Հայաստանին պետք են արմատական փոփոխություններ, Հայաստանին անհրաժեշտ է ինքնիշխանության վերականգնում»:

***

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կալանավայրից ազատ է արձակվել օգոստոսի 17-ի ուշ երեկոյան։ Նույն օրը՝ ավելի վաղ, Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով։ Դատարանը գրավի չափը սահմանել էր 1 մլն դրամ։

Արմեն Մարտիրոսյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Մեկնաբանել