Թեհրանը քննադատել է Մոսկվային ռազմական տվյալների հրապարակման համար

Համադանի ավիաբազա Համադանի ավիաբազա

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը քննադատել է ռուսաստանցի գործընկերներին՝ Համադանի ավիաբազայի օգտագործման մասին տեղեկատվության հրապարակման համար:

Իրանցի նախարարի համոզմամբ՝ ռազմաբազայի օգտագործման մասին տեղեկությունը հանրայնացնելու որոշումը թելադրված էր ցուցամոլությամբ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, հղում անելով իրանական «Երկրորդ հեռուստաալիքին», Դեհղանն ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է ցույց տալ, որ «գերտերություն է և ազդեցիկ երկիր», որն ակտիվ է գործում անվտանգության ոլորտում, տարածաշրջանում և աշխարհում:

«Այդ տեղեկատվության հրապարակման հետևում երևում է անհարգալից վերաբերմունք և պարծենալու ցանկություն»,- եզրակացրել է Իրանի ՊՆ ղեկավարը և տեղեկացրել, որ այս պահին Իրանում տեղակայված չեն որևէ օտարերկրյա զորակազմեր, քանի որ «դա հակասում է երկրի սահմանադրությանը»:

Մինչդեռ, ինչպես հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Հասեմին այսօրվա մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Ռուսաստանն առժամանակ դադարեցրել է Համադանի ավիաբազայի օգտագործումը: Իրանի ԱԳՆ-ի խոսնակը շեշտել է, որ Մոսկվան և Թեհրանը պայմանավորվածություն ունեին նման համագործակցությունը միայն օդային գործողություններից հետո հրապարակելու վերաբերյալ:

Հասեմիի խոսքով՝ Ռուսաստանն օգտվել է ռազմաբազայից Թեհրանի նախնական համաձայնությամբ՝ հակաահաբեկչական համագործակցության շրջանակում, որն, ըստ խոսնակի, «ռազմավարական բնույթ է կրում»:

Ռուսական Տու-22Մ3 հեռահար ավիացիայի ինքնաթիռների և Սու-34 ռմբակոծիչների՝ Իրանի Համադանի մարտավարական ավիաբազայում տեղակայման մասին հայտնի է դարձել օգոստոսի 16-ին:

Իրանը, մեկնաբանելով ռազմաբազայի կարգավիճակը, որտեղ տեղակայվել են ՌԴ ռազմատիեզերական ուժերը, հայտարարել է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ այլ երկրներ Իրանում չունեն մշտական ռազմաբազաներ: Պաշտոնական Թեհրանի պնդմամբ՝ ռուսական օդուժը իրանական ռազմաբազան օգտագործւմ է «միայն վերալիցքավորվելու համար»:

Մեկնաբանել