Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի

_90914305_mediaitem90914304Կենտրոնական Իտալիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի։ Ինչպես հաղորդում է BBC-ն, վկայակոչելով Իտալիայի իշխանությունները, 368 մարդ վիրավում է ստացել։

Իտալիայի առողջապահության նախարարի խոսքով՝ սա զոհերի վերջնական թիվը չէ, քանի որ փլատակների տակ շարունակում են մնալ մի քանի տասնյակ մարդիկ։ Նա նշել է, որ զոհերի շրջանում շատ են երեխաները։

Երկրաշարժից ավերված քաղաքներում աշխատում են 4300 փրկարարներ և կամավորներ։

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել էր օգոստոսի 24-ին՝ տեղի ժամանակով առավոտյան 3։36-ին։

Էպիկենտրոնին առավել մոտ էին գտնվել Նորչա և Ակուլոմի կոմունաները, Ամատրիչե և Պեսկարա դել Տրոնտո քաղաքները։ Ստորգետնյա ցնցումները զգացվել էին նաև մայրաքաղաք Հռումում։

Ամատրիչեի քաղաքապետը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով ավերվել է քաղաքային շինությունների 3/4-ը։ Քաղաքում ոչ մի շենք ներկայում պիտանի չէ բնակության համար, ասել է նա։

ՀՀ արտգործնախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է։

«ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ»,- հաղորդել էին ԱԳՆ-ից։

Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654:

Օգոստոսի 25-ի առավոտյան Իտալիայում կրկին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել՝ 4,0 մագնիտուդ ուժգնությամբ։

Էպիկենտրոնը գտնվել է մոտ 100 կմ հյուսիս-արևելք Հռոմից և 30 կմ՝ Լ’Աքվիլա քաղաքից։

Նոր երկրաշարժի հետևանքով տուժածների և հնարավոր ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չկա։

Մեկնաբանել