Աղմկահարույց ձերբակալություններ՝ Թուրքիայում

Դեկտեմբերի 17-ին Անկարայի և Ստամբուլի իրավապահների հատուկ գործողությունների արդյունքում խարդախության և կաշառակերության կասկածանքով բերման է ենթարկվել 49 մարդ, դեկտեմբերի 18-ին նրանց թիվը հասել է 52-ի, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Բերման ենթարկվածների թվում են Թուրքիայի երեք նախարարների՝ ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները՝ Բարըշ Գյուլերը, Սալիհ Քաան Չաղլայանն ու Օղյուզ Բայրաքթարը, ինչպես նաև թուրք մագնատ Ալի Աղաօղլուն, Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրը, «Հալք» բանկի գլխավոր տնօրեն Սուլեյման Ասլանը, ադրբեջանցի գործարար Ռեզա Զարաբը, բնապահպանության և էկոնոմիկայի նախարարությունների աշխատակիցներ:

Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն լրագրողների հետ զրույցում խուսափել է ոստիկանության գործողությունների մասին որևէ մանրամասներ հայտնելուց:

«Ճիշտ չէ հայտարարություններ անել այն պահին, երբ իրավական գործընթացը դեռ շարունակվում է»,- ասել է Մութլուն:

Ներքին գործերի նախարար Գյուլերը չեղյալ է հայտարարել իր այցը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, որտեղ նա պետք է մասնակցեր Թուրքիայի, Հունաստանի և Բուլղարիայի միջև ընդհանուր մաքսակետի բացման արարողությանը:

Իրավական գործընթացում ներգրավված դատախազների անունները քաջածանոթ են Թուրքիայի հանրությանը: Նրանցից մեկը Ստամբուլի հանրային դատախազի տեղակալ Զեքերյա Օզն է, որը հայտնի է «Էրգենեկոնի» գործով դատավարությունից, ինչպես նաև դատախազ Ջելալ Կարան:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես խուսափել է ոստիկանության լայնամասշտաբ այս գործողությունները մեկնաբանելուց՝ ասելով, որ «սխալ կլիներ խոսել նախքան իրավական գործընթացի ավարտը»:

Ինչպես գրել է Today’s Zaman-ը, իրավապահների՝ կաշառակերության և խարդախության դեմ նախաձեռնված վերոհիշյալ գործողությունները սկսվել են մեկ տարի առաջ, երբ Ոստիկանության ազգային վարչության՝ մաքսանենգության և կազմակերպված հանցավորության բյուրոն մի նամակ էր ստացել: Դրանում ասված էր, որ Ստամբուլի՝ որպես պահպանվող տարածքներ սահմանված գոտիները բաց են շինարարության համար այն բանից հետո, երբ բնապահպանության նախարարությունը տվել էր իր թույլտվությունը: Նամակում տեղեկատվություն էր հաղորդվում նաև բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարների ազգականների և գործարարների մասին, որոնք, ինչպես հաղորդվում է, հսկայական շահույթ են ստացել այս գործարքներում:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել