«Մուսուլման եղբայրներ»-ը՝ ահաբեկչական կազմակերպություն Եգիպտոսում

Եգիպտոսի՝ զինվորականների աջակցությունը վայելող ժամանակավոր կառավարությունը իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժումը ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել՝ մեղադրելով շարժմանը դեկտեմբերի 24-ին Մանսուրա քաղաքում՝ ոստիկանական բաժանմունքի վրա իրականացված հարձակման մեջ, հաղորդում է BBC-ն։ Ոստիկանական բաժանմունքի շենքի մոտ իրականացվել էր պայթյուն, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ, ավելի քան 100 մարդ վիրավորվել էր։

«Մուսուլման եղբայրներ»-ն ի պատասխան հայտարարել է, որ չի դադարեցնելու իր բողոքի ակցիաները։

Շարժման առաջնորդները քննադատել են Եգիպտոսի ժամանակավոր կառավարությանը։ «Մուսուլման եղբայրներ»-ի մամուլի քարտուղարը BBC-ի հետ զրույցում ասել է, որ շարժումն ապացուցել է իր հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին՝ մասնակցելով ընտրություններին և կազմակերպելով խաղաղ ցույցեր։

Ավելի վաղ՝ 2013թ․ սեպտեմբերի 23-ին, Կահիրեի վարչական դատարանն արգելել էր «Մուսուլման եղբայրներ»-ի գործունեությունը։

Շարժման հազարավոր ակտիվիստներ ձերբակալվել էին։

«Մուսուլման եղբայրներ»-ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշման մասին հայտարարել է Եգիպտոսի ժամանակավոր փոխվարչապետ Հոսամ Իսան։ Նա նաև ասել է, որ այս շարժման բոլոր անդամները, ինչպես նաև նրանք, ովքեր ֆինանսավորում են շարժմանը կամ քարոզում են նրա գաղափարները, ենթարկվելու են պատասխանատվության։

Հիշատակելով Մանսուրայի հարձակման մասին՝ նա հայտարարել է, որ ամբողջ Եգիպտոսը՝ հյուսիսից հարավ, ցնցված է սարսափելի հանցագործությունից, որն իրականացրել է «Մուսուլման եղբայրներ»-ը։

Իսան հավելել է, որ Եգիպտոսն ընդունված որոշման մասին տեղեկացնելու է արաբական մյուս երկրներին, որոնք 1998թ․ ստորագրել են ահաբեկչությանը համատեղ դիմակայելու մասին պայմանագիրը։

«Մուսուլման եղբայրներ»-ը հերքում է իր մասնակցությունը Մանսուրայի հարձակմանը։ Այս միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական մեկ այլ խմբավորում, որը կապեր ունի «Ալ Կաիդյաի» հետ։

«Մուսուլման եղբայրներ»-ի կողմնակիցները բողոքի ցույցեր են կազմակերպում այս տարվա հուլիսի 3-ին նախագահ Մուհամադ Մուրսիի (որը նույնպես շարժման անդամ է)՝ զինվորականների կողմից իշխանությունից հեռացվելուց ի վեր։ Մուրսիի պաշտոնանկությանը նախորդել էին ինչպես նրա կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների մասշտաբային ցույցերը։

Եգիպտոսի իշխանությունները «Մուսուլման եղբայրներ»-ին մեղադրում են անվտանգության ուժերի վրա մի շարք հարձակումների մեջ․ շարժումը մեղադրանքները հերքում է։

«Մուսուլման եղբայրներ» շարժումը Եգիպտոսի հնագույն և խոշորագույն իսլամիստական կազմակերպությունն է, որը հիմնվել է 1928թ․։ Այն օրենքից դուրս է եղել իր 85-ամյա գործունեության մեծ մասի ընթացքում։

Մեկնաբանել