«Դ!եմ եմ»-ը ապրիլի 12-ին հավաք կանցկացնի

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, Մատենադարանի մոտ հավաք կանցկացնի:

«Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակում մենք բոլորս կարիք ունենք հստակ գնահատականների, պարզաբանումների, ինչպես նաև մեր հնարավոր ակնկալիքների ու անելիքների վերաբերյալ հստակեցումների:

Որպես կազմակերպված ու պահանջատեր քաղաքացիական հասարակություն՝ մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները՝ ամրագրված նաև Սահմանադրական դատարանի որոշմամբ, հստակեցնենք դրանից բխող մեր նպատակներն ու հետագա անելիքներն ավելի հստակ և հնարավոր ժամանակացույցով»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող որոշ դրույթներ։

ՍԴ-ն մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց խորհրդարանին և կառավարությանը՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխության ենթարկելու համար:

Ապրիլի 3-ին «Դ!եմ եմ»-ի անդամները լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ շարունակելու են իրենց պայքարը և կոչ արեցին քաղաքացիներին չվճարել «պարտադիր վճարները»:

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Ժառանգությունը», 2013թ. դեկտեմբերի 17-ին դիմել էին Սահմանադրական դատարան` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

Մեկնաբանել