Բարձրաստիճան ոստիկանին հարցնում եմ.
-Ինչու՞ եք Սերժ Սարգսյանին կրծքով պաշտպանում:
-Մեզ համար մեկ է՝ ում կպաշտպանենք:
-Բա որ մեկ է, ինչու՞ եք նրա դեմ դուրս եկածներին ծեծում:
-Բա հենց դրա համար, որ մեր համար մեկ է՝ ում ենք ծեծում:
-Այսի՞նքն:
-Շատ պարզ, մենք խնդիր չունենք որեւէ մեկի կողքին կանգնելու: Մեր խնդիրն էն է, որ մեզ հետո չասեն, թե ինչու՞ չծեծեցիք: Ու չեն ասում:
-Ո՞վ չի ասում:
-Ղեկավարությունը:
-Դուք հատու՞կ եք ընտրում ծեծողներին:
-Չէ, մեթոդն է նրանց դարձնում ծեծող: Էս ոլորտը հաստատուն գումարի աղբյուր է, մենք էստեղ դեմ չենք, որ մարդիկ հերոսանալու հույսեր ունենան: Էդ մեր խայծն է: Դու գրել ես էդ մասին: Հենց բռնում ենք էդ հովի վրա, հասկանում ենք՝ սա հրամանները լավ կկատարի:
-Գիտե՞ք, ես նախ ծեծողների կիրքը չեմ հասկանում: Բաժին տարված մեր հարեւանը պատմում է, թե ինչ հաճույքով եք դա անում՝ հայհոյանք, տարերային, անսպասելի հարվածներ:
-(Քմծիծաղ) Մենք հեռատես ենք: Էդ էսօրվա համար չենք ծեծում: «Սասնա ծռերի» հերն էլ անիծած:
-Այսինքն, ո՞նց՝ հեռատես եք:
-Մենք «հավաքագրում» ենք էդ մարդու վախը: Դու գրե՞լ ես իր մասին:
-Դեռ ոչ: Բայց գրելու եմ:
-Քեզ ասե՞լ է, որ իր անունն ու ոստիկանության բաժինը չհրապարակես:
-Ասել է:
-Ընտրություններին ինքը լինելու է մեր «կլիենտը»:
-Դուք անձամբ մարդ ծեծե՞լ եք:
-Նեղացնում ես: Ես ոչ մեկին չեմ խփել երբեք:
-Բա ինչպե՞ս եք թույլ տալիս, որ ուրիշները խփեն:
-Հիմա պիտի նստեմ, քեզ բացատրեմ, թե ինչու՞ է Գասպարյան Վովան աղոթում, իսկ Երանոսյան Լյովան հայհոյում: Երկուսն էլ լավ հայր են, գիտե՞ս: Էրեխեքն իրենց արեւով են երդվում:
-Դուք ուզում եք ասել, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ձեր համար առաջին տեղում է, իսկ օրենքը՝ երկրո՞րդ:
-Ոչ: Ես դա չեմ ուզում ասել: Բայց իշխանությունն առաջին տեղում է:
-Համակարգում ծեծողն ապագա ունի՞:
-Հիմի տես, ուղեղդ աշխատացրու: Էս համակարգն արդեն ապագա է: Պարապ տանը պիտի նստեր, չէ՞: Պիտի նստեր: Հիմա փող է ստանալու: Երաշխավորված: Մենակ էնպես աչքի չընկնի, որ մեզ դնի հարվածի տակ: Իր ծեծող լինելու գնահատականը մենք չենք տալիս: Տվողը տալիս է: Էն Հիդրոմետի տղու նման: Մի երկու անգամ ցիկլոնների մասին խոսեց, դարձավ ձեր թմրանյութը, արդեն առանց իրա եղանակի տեսություն չեք պատկերացնում: Մեր ծեծողը գնահատվում է ձեր…
-Հակազդեցությամբ…
-Ապրի արեւդ (ծիծաղում է)…
-Ձեր շարքայինները փող չեն ստանում, նրանք ինչու՞ են այդքան «նվիրված» ձեր հրամաններին:
-Ո՞վ ասաց չեն ստանում: Նրանց ուրախացնում է ժամանակին ստանալը: Մեծ փող չէ, բայց ժամանակին է: Մի խայծ էլ կա՝ ոստիկանությունն ամբողջ իշխանության կառուցվածքն ունի՝ կատարիր հրամանը եւ արա ինչ ուզում ես: Մեկ ուրիշ խայծ՝ փայ մտիր, բայց գող մի դարձիր: Դա արատավորում է մեր համազգեստը: Կամ, եթե ուզում ես անպատիժ լինել ծառայությունից դուրս, եղիր, բայց առանց ոստիկանական համազգեստի:
-Բայց դրանք համարյա ԿԳԲ-շնիկի կամ հարկային ծառայողի արտոնություններ են:
-Ասում եմ՝ չէ՞, մեր աշխատանքը իշխանության կառուցվածքն ունի՝ ամեն ինչ կարելի է, եթե արդեն կատարել ես քո ընտրությունը:
-Ձեր ղեկավարը, ինչպես մենք ենք հասկանում, սիրում է խաղալ: Դա ի՞նչ հաշիվ է:
-Գասպարյան Վովա՞ն:
-Այո: Սիրում է, չէ՞, աղոթել, րոպեների տարբերությամբ կարող է ժպտալ եւ բղավել:
-Ես Գասպարյանին քո հետ չեմ քննարկի:
-Մի րոպե:
-Մի րոպե, ես ասեմ՝ ձեզանից երկար ժամանակ կպահանջվի հասկանալու, որ էդ խաղը մեզ է պետք, ձեզ պետք չէ:
-Այսինքն:
-Անցանք առաջ:
-Ասում են՝ ծառայության առաջին օրից երազում է նմանվել Վանո Սիրադեղյանին:
-Ասեցի՝ Գասպարյանին հանգիստ թող: Դու Վանո Սիրադեղյանին տեսե՞լ ես:
-Դե ինչպե՞ս ասեմ: Ինքն ինձ մի խնջույքի ժամանակ հարցրեց՝ կարո՞ղ եմ պատմվածք գրել «Թուլեքի թագավորությունը» վերնագրով:
-Հետո՞:
-Էդ օրից գրում եմ:
-Ինձ գիտե՞ս ինչն է ուրախացնում: Կարող եք ասել ինչ ուզում եք, կարող եք հայհոյել ոստիկանին, կարող եք նույնիսկ ծեծել, սպանել, էդ մեզ ձեռք է տալիս, միայն թե գլխի չընկնեք, թե մենք ինչ ենք անում:
-Ո՞վ ասաց, լավ էլ գլխի ենք ընկնում:
-Չեք ընկնում: Մեր բան ու գործը հո ծեծելն ու գործ սարքելը չէ: Մենք վահան ենք, ամեն ինչ պիտի անենք, որ ձեր թեման լինենք մենք: Դրա համար էլ ծեծում ենք ու գործ ենք սարքում:
-Էդ ամեն ինչի գաղափարախոսը դու՞ք եք:
-Ե՞ս: Ես նույնիսկ էս ամեն ինչի մասին մեր բակի գարաժում մտածողը չեմ: Ես ինքնուրույն եմ գլխի ընկել սա: Թե չէ ինչի՞ պիտի քեզ ամեն ինչ ասեի:
-Իսկ դուք ինչպե՞ս այսքան վերեւ հասաք:
-Ես ավելի վերեւում էլ եմ եղել: Սա ի՞նչ է:
-Ինչ-որ չեմ հիշում:
-Մի փնտրիր ողջերին մեռելների մեջ (երկուսով մի քանի րոպե ծիծաղում ենք): Վերջացրեցի՞նք:
-Միայն մի հարց: Եթե կարելի է՝ դա էլ ու վերջ: Կասե՞ք ինչու Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում ոչ մի լրագրող չսպանվեց: Թե՞ ով որ սպանվելու էր, արդեն վերացվել է նրա նախագահ դառնալու ճանապարհին:
-Դու մաֆիա խաղացած կա՞ս:
-Ըհը:
-Մաֆիայի ժամանակ չգիտես, չէ՞, թե էս գիշերվա զոհն ով է: Հիմա դուք: Կարող եք ապրել, կարող եք կարմիրներով իրար դեմքով իմանալ ու վերջում հաղթել: Բայց դուք մաֆիայի գիշերվա թիրախն եք: Առանց թիրախի չեն խաղում: Մի վստահ եղիր, որ իշխանությունը կվրիպի: Գիշերն է ուշանում: