Եզրափակիչ փուլին մասնակցում էին մրցույթի երկու կիսաեզրափակիչների 14 երկրների ներկայացուցիչներից 7-ը` Չեխիան, Հայաստանը, Ավստրիան, Լեհաստանը, Գերմանիան, Բելառուսը և Նորվեգիան: Հաղթողը որոշվեց ոչ թե հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկությամբ, այլ միայն հինգ անդամներից բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:
Վաղ մանկությունից Նարեկն ինքնուս նվագել է մոր քանոնը: Հետագայում ընդունվել է Վանաձորի երաժշտական դպրոցն, ուր սովորել է Անահիտ Հովսեփյանի դասարանում: Կրթությունը շարունակել է Հասմիկ Լեյլոյանի մոտ:
2009թ. Կրեմլում Նարեկը Կազազյանը Հայաստանը ներկայացրել է «Ծագող աստղեր» փառատոնում, և Ռուսաստանի Դաշնության առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևայի կողմից արժանացել դիպլոմի:
2010-ի «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն»-ը նրան կոչել է «Պատանի վիրտուոզ»` պարգևատրելով հատուկ մրցանակով, նա երիտասարդական 6-րդ բաց Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր է:
Նշենք, որ Ավստրիան ներկայացնում էր ևս մեկ վիրտուոզ հայ` ջութակահար Էմանուել Ճգնավորյանը (անվանի դիրիժոր և հասարակական գործիչ Լորիս Ճգնավորյանի որդին), ով կատարեց Յան Սիբելիուսի ջութակի կոնցերտի 3-րդ մասը: Էմանուել Ճգնավորյանը արժանացավ երկրորդ մրցանակին:
Առաջին մրցանակը ստացավ Նորվեգիայի մասնակիցը, ով, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Էդուարդ Թոփչյանի բնորոշմամբ, անհետաքրքիր ելույթ ունեցավ, և առաջին մրցանակը նրան տալու որոշումը լիովին կարելի էր համարել «քաղաքական»:
«Դասական Եվրատեսիլ»-ը 15-20 տարեկան երաժիշտների մրցույթ է, որ տեղի է ունենում երկու տարին մեկ Վիեննայում: Այն համարվում է Եվրոպական հեռարձակողների միության ամենախոշոր նախագծերից մեկը:
Միջազգային հեռուստատեսային, դասական երաժշտության կատարողական արվեստի այս մրցույթին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: