President.am կամ odnoklassniki.ru

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվել է, թե ինչու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը, հայտարարությունները և ուղերձները անհետացել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «ՀՀ նախագահի կայքէջը չի կատարում պաշտոնական, իրավական բազաների դեր, դրա համար կան այլ ռեսուրսներ, որոնք հասու են բոլորին: Ծանրաբեռնվածություն, սերվերի վրա լրացուցիչ բեռ, դրա թարմացում… առանձին պետք է քարտուղարություն պահենք, որ այդ գործը կատարվի, որը կատարվում է այլ տեղում, դրա նպատակահարմարությունը չեմ տեսնում»:

ՀՀ նախագահի պաշտոնական President.am կայքում Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի տեղեկատվությունն անհետացել է կայքի վերակառուցումից հետո: Օրինակ, կայքի «Փաստաթղթեր» բաժնում ամենահին նյութը թվագրված է 2008թ. ապրիլի 9-ով. թվագրությունն սկսվում է այն ժամանակվանից, երբ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Այսինքն՝ նախորդ կայքի արխիվային նյութերը ամբողջությամբ ոչնչացվել են: Դրանք պահպանելը հազիվ թե առանձին քարտուղարություն պահելու անհրաժեշտություն ենթադրեր:

Առհասարակ, President.am կայքը serzhsargsyan.com չէ, որպեսզի այնտեղ լինեն միայն Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի նյութերը: Նախագահի կայքէջը ՀՀ նախագահի ինստիտուտի կայքէջն է, և այնտեղ հնարավորինս մանրամասն պետք է ներկայացված լինեն նախորդ նախագահների գործունեության շրջանները: Եթե ընդունենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ինտերնետի թերզարգացածության պատճառով կայք որպես այդպիսին չի գործել, ապա միանգամայն անընդունելի և անհասկանալի է, թե ինչու են ջնջվել երկրորդ նախագահի օրոք տեղադրված բավական հարուստ ինֆորմացիան, որը նաև պատմագիտական աղբյուր է:

ԱՄՆ նախագահի պաշտոնական Whitehouse.gov կայքում ամբողջական տեղեկատվություն կա Միացյալ Նահանգների նախագահի ինստիտուտի և բոլոր նախագահների, առաջին տիկնանց վերաբերյալ:

Անկախ նախորդ նախագահների նկատմամբ Սերժ Սարգսյանի և հասարակության ունեցած վերաբերմունքից, սիրել-չսիրելուց, գործող նախագահի աշխատակազմի ղեկավարի բացատրությունը անհարգալից վերաբերմունք է պետության այդ կարևորագույն ինստիտուտի և ընդհանրապես Հայաստանի անկախ երկու տասնամյակների պատմության նկատմամբ:

Մեկնաբանել