Եվրոգոտին անցյալ տարի €8,34 տրլն-ի պարտք է ունեցել

2011թ. եվրոգոտու և Եվրամիության բյուջեների դեֆիցիտը նվազել է 2010թ. համեմատ, թեև աճել է պետպարտքի մակարդակը, վկայում են ԵՄ վիճակագրական ծառայության՝ Eurostat-ի հրապարակած տվյալները:

Անցած տարի եվրոգոտու երկրների պետպարտքը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ հասել է 87,3%-ի՝ 2010թ. 85,4%-ի համեմատ։

Գումարային արտահայտությամբ ցուցանիշը կազմել է €8,34 տրլն։ Ընդ որում՝ եվրոգոտու 17 երկրների ՀՆԱ-ն աճել է 2,7%-ով՝ կազմելով €9,42 տրլն։ 2011թ. տարածագոտում բյուջեի դեֆիցիտը նվազել է մինչև ՀՆԱ-ի 4,2%՝ 2010թ. 6,2%-ի համեմատ:

ԵՄ 27 երկրների պետպարտքը անցած տարի կազմել է ՀՆԱ-ի 82,5%-ը՝ հասնելով €10,43 տրլն-ի: 2011թ. Եվրամիության ՀՆԱ-ն կազմել է €12,65 տրլն, իսկ բյուջեի դեֆիցիտը 2010թ. 6,5%-ից նվազել է մինչև ՀՆԱ-ի 4,4%:

2011թ. բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցության ամենավատ ցուցանիշներն արձանագրել են Իռլանդիան (ՀՆԱ-ի 13,4%), Հունաստանը (9,4%) և Իսպանիան (9,4%): Լավագույն արդյունքները Լյուքսեմբուրգինն են (ՀՆԱ-ի 0,3%), Ֆինլանդիայինը (0,6%) և Գերմանիայինը (0,8%):

2011թ. եվրոպական 14 երկրների պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ գերազանցել է 60%-ի մակարդակը: Այդ երկրների թվում են Հունաստանը (ՀՆԱ-ի 170,6%), Իտալիան (120,7%), Պորտուգալիան (108,1%), Իռլանդիան (106,4%) և Բելգիան (97,8%):

Eurostat-ի տվյալների համաձայն՝ պետպարտքն անցած տարի կրճատվել է միայն Գերմանիայում, Հունգարիայում, Էստոնիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում և Ավստրիայում:

Մեկնաբանել