Հայաստանն ու Եվրամիությունն այսօր Բրյուսելում ստորագրել են մուտքի վիզաների պարզեցման համաձայնագիրը:
Եվրոպական կողմից այն ստորագրել են Կիպրոսի արտգործնախարար, ԵՄ Խորհրդի նախագահ Եռատո Կոզակոու-Մարկուլիսը և Ներքին հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմը, հայկական կողմից` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Համաձայնագիրը կուղարկվի Եվրախորհրդարանի դիտարկմանը:
Մուտքի վիզաների պարզեցման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսված են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու պարզեցված ընթացակարգեր: ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների, և այլոց համար:
Նախատեսված է նաև նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` ներկայիս 60 եվրոյի փոխարեն դարձնելով 35 եվրո, ինչպես նաև այն դարձնել անվճար երեխաների ու թոշակառուների համար:
Նշենք, որ ԵՄ-ի հետ մուտքի վիզաների պարզեցման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները մեկնարկել էին 2012թ. փետրվարին Երևանում: