«Ոչ ոք այլևս ԱԶԿ-ն չի նկատում որպես ամբաստանության զոհ: Այլևս չկան դրան հավատացողներ:» Մուրատ Բելգե
Թուրք մտավորական Մուրատ Բելգեն «Taraf» օրաթերթում դեկտեմբեր 16-ին հոդված է հրապարակել «Կարծում էինք, թե միայն սպաներն են հեղաշրջում անում» վերնագրով: Նա, անդրադառնալով դեկտեմբեր 14-ին Թուրքիայում մի շարք առաջատար լրագրողների, ֆիլմ արտադրողների և ոստիկանների ձերբակալություններին, գրում է, թե բռնապետության հայտարարության նմանող այս բոլոր «զոռբայությունները» միևնույն ժամանակ պետք է մեկնաբանվեն որպես ծայրաստիճան անհույս խարխափումներ: Ստորև, որոշ կրճատումներով, ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը:
Կիրակի օրվա ձերբակալություններից հետո «Առաջադիմություն և զարգացում» կուսակցության ղեկավարությունը, և, դրա պատճառով, նաև Թուրքիան, նոր շրջան է թևակոխում: Վերջերս՝ մանավանդ իշխանական ճակատում, «հեղաշրջում» բառը դարձավ ամենատարածված արտահայտություններից մեկը: Բոլորը բոլորի մասին «հեղաշրջման» ամբաստանություն են անում: Ըստ իշխանական ճակատի՝ մոտ 30 ձերբակալվածները կառավարության դեմ հեղաշրջում էին ծրագրում: Այս հեղաշրջման նրանց ամբաստանությունը նման չէ քանի տարի մեր սովորած հեղաշրջումներին: Առաջ զինուժը «Աթաթուրքի ճանապարհից» շեղվելու պատճառով էր հեղաշրջում անում...
Շատ հեղաշրջումներ ապրած հասարակություն ենք: Մեր իմացած հեղաշրջումների «համին» ծանոթ լինելու պատճառով, այս մարդիկ իրենց երևակայությանը ուժ տված՝ հեղաշրջման նոր միջոցներ են հայտնաբերել: Նրանք զարգացնում են հեղաշրջման արվեստը:
Հեղաշրջում կատարողն էլ է փոխված: Կարծում էինք, թե հեղաշրջում կոչվածը մենակ սպաները կկատարեն: Ուրեմն Թուրքիայում՝ քաղաքացիական և ժողովրդավարացման գործընթացի շրջանակներում, զինուժի հեղաշրջում կատարելու մենաշնորհն էլ ավարտված է: Այսպիսով՝ քաղաքացիական անձանց «հեղաշրջում կատարելու ժողովրդավարական իրավունքն» էլ ապահովվեց:
Այս վերջին ձերբակալությունների արշավը (որին կարող է հաջորդել ավելին) ծառայեց դեպքերի ավելի թափանցիկ լինելուն, քան ծածկելուն: Քանի որ ստեղծված իրարանցումը որոշ գործեր թաքցնելու համար կատարված լինելու մասին ոչ ոք կասկած չունի: ԱԶԿ-ն տնտեսական կամ գաղափարաբանական-քաղաքական գործիքներով իր հետ կապված ստվար զանգվածներ ունի: Սակայն նրանք էլ են տեսնում, թե ինչ է կատարվում: Նրանք էլ գիտեն: Տեսնելով ու իմանալով հանդերձ՝ կողմ են ԱԶԿ իշխանության շարունակվելուն: Այս ընտրանքի համար նրանք իրենց բացատրությունն ունեն: Սակայն ոչ ոք այլևս ԱԶԿ-ն չի նկատում որպես ամբաստանության զոհ: Այլևս չկան դրան հավատացողներ:
Այս դեպքը «Սուսուրլուքի» դեպքի հետ որոշ նմանություն ունի: Այնտեղ մի արկած էր տեղի ունեցել, որից հետո գաղտնի իրողությունները կարճ ժամանակով ի հայտ էին եկել: Շատ կարճ էլ լինի՝ դա հասարակության առջև պարզեց ինչ որ պատկեր, մինչև որ հանրածանոթ ուժեր գործի անցան և կրկին ծածկեցին ամեն ինչ: Սակայն ոչ ոք այդ պատկերը չմոռացավ:
Սա էլ պիտի չմոռացվի: Հետևաբար՝ բռնապետության հայտարարության նմանվող, առավել ևս այդպիսի նպատակ հետապնդող, այս բոլոր «զոռբայությունները» միևնույն ժամանակ պետք է մեկնաբանվեն որպես ծայրաստիճան անհույս խարխափումներ:
Civilnet











