Գլխավոր Լրահոս

Դատական ակտի կատարումը՝ աննախադեպ արագությամբ. իրավաբանները՝ հոգևորականների դեմ գործերի մասին

Դատական ակտի կատարումը՝ աննախադեպ արագությամբ. իրավաբանները՝ հոգևորականների դեմ գործերի մասին

Լիա Ավագյան

Հայաստանում դատական բազմաթիվ ակտեր տարիներով չեն կատարվում, մինչդեռ եպիսկոպոսների դեպքում քրեական գործի հարուցումը և դատական ակտի կատարումը տեղի է ունենում աննախադեպ արագությամբ, նշում է միջազգային իրավական հարցերով մասնագետ Արա Ղազարյանը։ Իսկ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի խոսքով՝ Հայաստանում չկա դատական պրակտիկա, երբ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կարգավիճակի հարցերը քննարկվել են քաղաքացիական դատարաններում։ 

Կիրակի հայտնի դարձավ, որ Հայաստանի իշխանությունները արգելել են մի շարք բարձրաստիճան հոգևորականների ելքը երկրից՝ Ավստրիայում փետրվարի 16-19-ը նախատեսված Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսների ժողովից մի քանի օր առաջ։ Հունվարի 31-ին որպես մեղադրյալ Քննչական կոմիտե էին հրավիրվել  Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին։

Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Դատական ակտը վերաբերում է Արման (Գևորգ եպիսկոպոս) Սարոյանին, Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդին, որը հունվարի 27-ին կարգալույծ հռչակվեց կաթողիկոսի տնօրինությամբ: Արման (Գևորգ եպիսկոպոս) Սարոյանը իրեն թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելուց հետո այդ որոշումը վիճարկել էր դատական կարգով, դատարանը որոշել էր նրան վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Մայր Աթոռի մի քանի եպիսկոպոսներ մեղադրվում են այդ ակտին խոչընդոտելու համար: 

Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան սրբազանները, տեր Մովսես քահանան, որոնք հրավիրվել էին քննչական կոմիտե, բոլորը Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ են: Նրանք մեղադրյալներ են այս գործով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

«Աննախադեպ արագություն»

Միջազգային իրավական հարցերով մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում բազմաթիվ դատական ակտեր տարիներով չեն կատարվում, մինչդեռ այս դեպքում քրեական գործի հարուցումը և դատական ակտի կատարումը տեղի ունեցավ աննախադեպ արագությամբ։ Փաստաբանը այս հանգամանքը կապում է գործադիր իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումների հետ, որոնց նպատակն է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին գահընկեց անելը։

«Քանի որ պատրաստվում էին այդ եպիսկոպոսների ժողովը դրսում անել, հիմա պետք է նրանց ելքը արգելել, որովհետև դա Հայաստանի վարկանիշին լուրջ վնաս է հասցնում։ Ստացվում է՝ Հայաստանը անվտանգ երկիր չէ, եթե կրոնավորների այդ ժողովը դրսում է։ Եվ իրենց պետք է շտապ խափանել այդ մարդկանց տեղաշարժը երկրից դուրս։ Այս քրեական գործի շրջանակում շատ հեշտությամբ կարելի է կիրառել նման խափան միջոցը, որը արդեն իսկ քրեաբանները կանխատեսել էին հենց այն պահից, երբ իմացան, որ նման քրեական գործ է հարուցվել»,- ասում է  իրավական մասնագետը:

Ղազարյանի խոսքով՝ իր պրակտիկայում հանդիպել է դեպքերի, երբ քրեական գործերը հարուցվել են ոչ թե բուն քրեական հետապնդման նպատակով, այլ տվյալ անձանց նկատմամբ խափանման միջոցներ կիրառելու և նրանց տեղաշարժը սահմանափակելու համար․ «Կրոնական կազմակերպությունների ներսում կան հարցեր, որտեղ գործադիր իշխանությունը անելիք չունի»։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի խոսքով՝ Հայաստանում գրեթե բացակայում է դատական պրակտիկան, երբ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կարգավիճակի հարցերը քննարկվել են քաղաքացիական դատարաններում, նման գործերը պատմականորեն լուծվել են եկեղեցու ներքին մեխանիզմներով։ Մելիքյանը աննախադեպ է որակում դատարանի որոշումը՝ պարտավորեցնել եկեղեցուն ժամանակավորապես վերականգնել հոգևորականին իր պաշտոնում, քանի որ նման միջնորդություններն աշխատանքային վեճերի դեպքում գրեթե երբեք չեն բավարարվում։

«Կարգալույծ բավականին մեծ թվով անձինք են եղել, կարծես թե երբեք նրանց մտքով չի անցել, որ կարելի է դատարանում դա վիճարկել»,- ասում է Մելիքյանը։

Ըստ փորձագետի՝ Սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու և պետության բաժանումը չի բացառում հոգևորականների խոսքի ազատությունը, սակայն պարտադրում է գործադիր իշխանությանը զուսպ լինել և չմիջամտել կրոնական կազմակերպության ներքին որոշումներին։

«Հայաստանում, ըստ էության, վերջին ժամանակահատվածում քրեական արդարադատության գործիքները չարաշահվում են կամ նկատվում է քաղաքական նպատակներով դրանց օգտագործումը։ Վեց սպասավորների դեմ որոշ գործընթացներ, որոնք գուցեև պարունակում են որևէ իրավախախտում կամ հակաօրինական արարք, բայց դրանք՝ արձագանքի, կիրառված միջոցների և նշանակված պատիժների կամ խափանման միջոցների առումով չափազանց են»,- ասում է իրավական հարցերով փորձագետը։

Մայր Աթոռը հոգևորականների նկատմամբ իրականացվող գործողությունները որակել է բռնաճնշումներ և «խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում