Գլխավոր Լրահոս

Դատարանը մերժել է Շահրամանյանի հայցը՝ պատմության դասագրքում արձանագրելով բացթողումներ

Դատարանը մերժել է Շահրամանյանի հայցը՝ պատմության դասագրքում արձանագրելով բացթողումներ

Հայկ Ղազարյան

Չնայած Երևանի քաղաքացիական դատարանը 9-րդ դասարանի պատմության դասագրքում արձանագրել է ակնհայտ բացթողումներ, «Սամվել Շահրամանյանն ընդդեմ պատմության դասագրքի հեղինակների» գործով եզրակացրել է, որ առկա թերությունները չեն կարող որակվել որպես զրպարտություն։ Դատարանը գտել է, որ պատմական փաստերի թերի ներկայացումը պետք է վիճարկվի այլ հարթակներում:

Ըստ դատական ակտի` նյութերի ճշգրտության վերաբերյալ հարցերը կարևոր են, դրանց վերհանումը տվյալ դեպքում «դուրս է հայցվորի պատվի և արժանապատվության քաղաքացիաիրավական պաշտպանության տիրույթից»։ 

Սամվել Շահրամանյանի հայցն ուղղված էր պատմաբան Նժդեհ Հովսեփյանի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դեմ՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու պահանջով։ Հայցվորը պահանջում էր հերքել «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքում տեղ գտած այն տեղեկությունը, թե «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»։ Շահրամանյանը պնդում էր, որ այս տեղեկությունը սուտ է, խեղաթյուրված և արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը։ Նա պահանջում էր ներկայացնել ամբողջ կոնտեքտը

էկրանապատկեր՝ պատմության դասագրքից։

9-րդ դասարանի պատմության դասագրքում գրված է, որ «Ինը ամսվա շրջափակումը ԼՂՀ-ին հասցրեց հումանիտար աղետի եզրին: 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ԼՂՀ-ի դեմ հարձակում սկսեց: 24 ժամ տևած ռազմական գործողության արդյունքում Լեռնային Ղարաբաղը տվեց 223 զոհ: ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր: ԼՂՀ-ում մնացած ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100,000 մարդ, հարկադրված լքեց իր հայրենիքը»:

Դատարանի գնահատմամբ՝ դասագրքում առկա է «ակնհայտ բացթողում», քանի որ փաստաթղթի (հրամանագրի) մասին հիշատակումը կատարվել է առանց դրա վերաբերյալ ընդհանուր բնույթի տեղեկությունների հասանելիություն ապահովելու։

Դատարանը նշել է, որ հայցվորը, լինելով իրադարձությունների անմիջական մասնակից և դերակատար, «իրավացիորեն կարող է բարձրացնել համապատասխան մտահոգություններ» դասագրքերում տեղեկատվության ոչ լրիվ կամ թերի ներկայացման վերաբերյալ։

«Նախարարության դիրքորոշումը՝ սույն գործով պատշաճ պատասխանող չհանդիսանալու առնչությամբ, ամբողջությամբ հիմնազուրկ է, քանի որ նախարարությունը հանրակրթական ոլորտի ընդհանուր կառավարումն իրականացնող պետական լիազոր մարմին է, անմիջական պատասխանատվություն է կրում իր համակարգման ու վերահսկողության ներքո ուսումնական հաստատություններում դասավանդվող դասընթացների բովանդակության, այդ թվում՝ ուսումնական նյութում տեղ գտած տեղեկությունների՝ իրականությանը համապատասխանելու համար»,- գրված է դատական ակտում։

Դատարանը նաև ընդգծել է, որ ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի տակ ստորագրված որևէ փաստաթուղթ «առոչինչ է ստորագրման պահից» և չի կարող օժտված լինել իրավական ուժով։

Շահրամանյանն իր հայցով պահանջում էր պատմության դասագրքում վերաշարադրել, որ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը սպառնալիքներով պահանջել է խորհրդարանի կողմից ընդունել Արցախը լուծարելու հռչակագիր, ինչը Արցախի նախագահը մերժել է։

«Սամվել Շահրամանյանը, գիտակցելով նման քայլի իրավաքաղաքական և պատմական հետևանքները, մերժել է հռչակագրի ընդունման գործընթացը՝ պատճառաբանելով, որ պատգամավորական քվորում ապահովել հնարավոր չէ։ Իր հերթին, Ադրբեջանի ղեկավարությունը, չնահանջելով իր պահանջից, շարունակել է այն պնդել»,- գրված է հայցադիմում։

Ըստ Շահրամանյանի՝ ինքը մերժել է  և այդ պատճառով Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում տարածվել է հայտարարություն Արցախի լուծարման մասին՝ որպես այլընտրանքային քայլ, որը հետագայում ինքն էլ ճանաչել է անվավեր։

Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ սպասելու են դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուն, և միայն դրանից հետո կդիմեն Կրթության նախարարությանը՝ խնդրելով ուշադրության կենտրոնում պահել այն, ինչ դատարանը արձանագրել է՝ ընդգրկել ամբողջական տեղեկություն։

Տե՛ս նաև՝ 

«Շահրամանյանն ընդդեմ պատմության դասագրքի հեղինակների» գործի քննությունն ավարտվեց

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում