Ֆրանսիայի ԱԺ-ն բանաձև է ընդունել, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Փաստաթուղթը, որն ընդունվել է 183 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ, կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը գործադրել բոլոր ջանքերը՝ ճնշում գործադրելու Բաքվի վրա՝ ապահովելու նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը։
Բանաձևը, որը ներկայացվել էր Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լորան Վոքիեի կողմից և համահեղինակվել բազմաթիվ պատգամավորների կողմից, արձանագրում է, որ հայ բանտարկյալների նկատմամբ շարունակվող դատավարությունները հանդիսանում են Հայաստանի գոյության ժխտմանն ուղղված Ադրբեջանի համակարգված քաղաքականության մաս։ Ըստ ընդունված տեքստի՝ այս գործողությունները հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բնաջնջմանն ուղղված քաղաքականության և հայկական պատմական ու մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման շարունակությունը։
Ֆրանսիացի օրենսդիրները նախազգուշացնում են, որ հայ գերիների շարունակական կալանքն ու դատական գործընթացները կարող են երկարաժամկետ հեռանկարում վտանգել 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի դրույթների իրականացումը։ Փաստաթղթում նշվում է, որ թեև այդ հռչակագիրը պաշտոնապես հայտարարեց տասնամյակներ տևած հակամարտության ավարտի մասին, այն չի հասցեագրում հայ բանտարկյալների հետագա ճակատագրի հարցը։
Վերահաստատելով իրենց աջակցությունը հայրենի հողերից բռնի տեղահանված արցախահայությանը՝ պատգամավորներն ընդգծել են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պետք է տարածվի նաև Արցախի հայ բնակչության վրա։ Բանաձևը շեշտում է միջազգային հանրության պատասխանատվությունը՝ Ադրբեջանից պահանջելու երաշխավորված պայմաններ նրանց անվտանգ վերադարձի համար։ Եզրափակելով փաստաթուղթը՝ Ազգային ժողովը խստորեն դատապարտել է Արցախի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալություններն ու դատավարությունները՝ դրանք որակելով որպես միջազգային իրավունքի խախտում։
Civilnet











