«Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է»,- նման հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության ժամանակ։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ, և այն մեր հնարավորություններից դուրս է, հետևաբար չպետք է կենտրոնանալ այն բանի վրա, ինչը մենք չենք կարող փոխել:
«Մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ և բարգավաճ ապագա կերտելու վրա: Սա հեշտ ճանապարհ չէ, որովհետև կան մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ և նույնիսկ ատելություն:
Հակամարտության ընթացքում շատերը մահացել են, և շատ սգացող ընտանիքներ հետևում են այստեղ տեղի ունեցողին: Նրանցից ոմանք հնարավոր է այս իրադարձությունը համարեն անտեղի, բայց տառապանքների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են, սպանությունների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են, և նրանց հարազատների համար»,- ասել է նա։
Մրցանակաբաշխության ժամանակ ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
***
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճանաչվել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026-ի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։
Մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը նշել է, որ պատմական խաղաղության պայմանագիրը մարմնավորում է երկխոսության և համակեցության մշակույթի խթանման նպատակները։ Նա ընդգծել է առաջնորդների հետևողական ջանքերը՝ համաձայնագիրը որակելով որպես «դիվանագիտական խոշոր ձեռքբերում» և կարևոր հանգրվան գլոբալ խաղաղության ճանապարհին։
2026-ի մրցանակակիրները ընտրվել են անկախ, համաշխարհային մակարդակի դատավորական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է երկխոսության և համակեցության ոլորտում ճանաչված հեղինակավոր գործիչներից և փորձագետներից։ Հանձնաժողովի անդամներն են՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Շառլ Միշել, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի Հանրապետության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Մուսա Ֆակի Մահամաթ, Սուրբ Աթոռի Մշակույթի և կրթության դեպարտամենտի պրեֆեկտ՝ Նորին Սրբազանություն Կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոնսա, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն՝ Քեթրին Ռասել, Ուզբեկստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Սաիդա Միրզիյոևա,ինչպես նաև Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղար՝ Նորին Գերազանցություն դատավոր Մուհամմադ Աբդելսալամը։
Civilnet











