Գլխավոր Լրահոս

Այժմ մենք Հայաստանի հետ ավելացնում ենք մեր առևտրաշրջանառությունը․ Ալիև

Այժմ մենք Հայաստանի հետ ավելացնում ենք մեր առևտրաշրջանառությունը․ Ալիև

«Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երեսուն տարի գտնվել են պատերազմական վիճակում։ Այժմ մենք արդեն վեց ամիս է՝ ապրում ենք խաղաղության մեջ։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում։ Կարող եմ ասել, որ դա առանձնահատուկ զգացողություն է: Այժմ մենք Հայաստանի հետ ավելացնում ենք մեր առևտրաշրջանառությունը»,- այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` փետրվարի 4-ին Աբու-Դաբիում «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության ժամանակ։  

Ալիևը նշել է, որ իր համար Աբու-Դաբիում մրցանակաբաշխության արարողությունը խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ հենց այդտեղ՝ անցյալ տարվա հուլիսին, տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների եզրափակիչ փուլը՝ Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովից ընդամենը մեկ ամիս առաջ։ 

«Այստեղ՝ Աբու Դաբիում, մեր եղբայր շեյխ Մուհամմեդի աջակցությամբ մենք ձեռք բերեցինք խաղաղության հաստատման վերջնական պայմանավորվածությունը, իսկ այնուհետև այն ձևակերպեցինք Վաշինգտոնում։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որոշում են կայացրել մեզ հանձնել այս հարգարժան ու պատվավոր մրցանակը, ինչպես նաև բոլորին, ովքեր օգնել են մեզ հասնել խաղաղության»,- ասել է Ալիևը։

Աբու-Դաբիում ընթացքող «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության ժամանակ ելույթ է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

***

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճանաչվել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026-ի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։

Մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը նշել է, որ պատմական խաղաղության պայմանագիրը մարմնավորում է երկխոսության և համակեցության մշակույթի խթանման նպատակները։ Նա ընդգծել է առաջնորդների հետևողական ջանքերը՝ համաձայնագիրը որակելով որպես «դիվանագիտական խոշոր ձեռքբերում» և կարևոր հանգրվան գլոբալ խաղաղության ճանապարհին։

2026-ի մրցանակակիրները ընտրվել են անկախ, համաշխարհային մակարդակի դատավորական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է երկխոսության և համակեցության ոլորտում ճանաչված հեղինակավոր գործիչներից և փորձագետներից։ Հանձնաժողովի անդամներն են՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Շառլ Միշել, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի Հանրապետության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Մուսա Ֆակի Մահամաթ, Սուրբ Աթոռի Մշակույթի և կրթության դեպարտամենտի պրեֆեկտ՝ Նորին Սրբազանություն Կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոնսա, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն՝ Քեթրին Ռասել, Ուզբեկստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Սաիդա Միրզիյոևա,ինչպես նաև Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղար՝ Նորին Գերազանցություն դատավոր Մուհամմադ Աբդելսալամը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում